տուն Լուրեր Ադրբեջանական կողմն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Արցախի ՊՆ

95
0

levon

2014 թվականի օգոստոսից հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապես պայմանավորված են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղավորվում դեռեւս 1994 թվականի մայիսին կողմերի միջեւ հրադադարի հաստատման մասին ձեռք բերված համաձայնության տրամաբանության շրջանակում: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին երկու տարվա իրավիճակը կարելի է բնորոշել «դանդաղ պատերազմ»:

Մնացականյանը ընդգծել է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները:

«Այսպես, եթե սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների և դիվերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. մարտից գործողության մեջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաև հրթիռահրետանային և զրահատանկային միջոցներ, այդ թվում` 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանոթներ, թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթե ասվածին հավելենք նաև անցած տարվա նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքը, ապա առավել քան պարզ կդառնա, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը»,- նկատել է նախարարը:

Խոսելով Ադրբեջանի կողմից բլից-կրիգ-ի հնարավորության մասին՝ Լեւոն Մնացականյանը նկատել է. «Ես կասեի, որ «բլից-կրիգի» մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղյակ էին իրականությանը կամ իրենց դատողություններն անում էին ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ: Այնինչ, հավանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առավել լուրջ հետևություններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարավորությունների մասին ունեն իրական պատկերացումներ»:

Ի պատասխան հարցին, թե որքանով է ՆԱՏՕ-ի լռությունը համընկնում այդ կառույցի ստանձնած սկզբունքներին՝ Մնացականյանը կոչ է անում դիմել հասցեատիրոջը:

Լրագրողը հարց է ուղղել նաեւ բանակում խաղաղ պայմաններում զինվորների զոհվելու վիճակագրության մասին: «Մեզ համար յուրաքանչյուր զինվորի մահ անդառնալի կորուստ է` դա լինի մարտական դիրքում, թե խաղաղ ծառայության ընթացքում: Սա իրողություն է, որը չափվում է ոչ թե վիճակագրությամբ, այլ մարդկային ճակատագրերով․․․ Հավատացեք, անգամ մեկ զինվորի կորուստը մեր բանակի հզորությանը շոշափելի հարված է, և ըստ այդմ, մենք պարտադրված ենք անելու ամեն հնարավորն ու անհնարինը նման արտակարգ դեպքերից խուսափելու համար», — ի պատասխան նշել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռնում հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սակայն ինչպես կարելի է եզրակացնել ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունից՝ իրավիճակը սահմանին ոչ միայն չի հանդարտվել, այլ նաեւ ավելի է լարվել: