Հայաստանյան մի խումբ լրագրողներ, փաստաբաններ եւ իրավապաշտպաններ հստակ քայլեր են իրականացնում ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կատարած հանցագործությունների եւ վայրագությունների համար այդ պետությանը պատասխանատվության ենթարկելու նպատակով. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին նախաձեռնության անդամները՝ ներկայացնելով իրենց առաջիկա քայլերն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Նախաձեռնության նպատակն է հավաքել փաստեր եւ դիմել միջազգային տարբեր ատյաններ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու պահանջով, հասնել նրան, որ միջազգային հանրության համար պարզ դառնա, թե հակառակորդ երկիրն ինչ հանցագործությունների է դիմել:
Նախաձեռնության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը բավարար չափով ներգրավված չէ այս գործընթացում, ուստի նախաձեռնության նպատակը նաեւ այդ բացը լրացնելն է: Նրա համոզմամբ՝ հաջողության հասնելու համար նախադրյալներ կան:
«Մենք համադրում ենք մեր ձեռքի տակ գտնվող փաստերը միջազգային պայմանագրերի հետ, որ համոզվենք, որ ուղի կա և նոր հայտարարենք նախաձեռնության մասին: Ես համոզված եմ, որ ուղի կա և մենք հաջողության կհասնենք»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Մեդիա և իրավունք» ՀԿ-ի նախագահ, լրագրող Լիլիթ Լալայանը, որը եւս նախաձեռնության ակտիվ անդամներից է, նշեց՝ լրագրողների հիմնական խնդիրը փաստեր հավաքելն է:
«Մեզ մոտ կա ցուցակ, թե որ միջազգային լրատվամիջոցներն են այդ օրերին եղել Հայաստանում, և մենք նամակ ենք գրել նրանց՝ խնդրելով մեզ տրամադրել բոլոր չլուսաբանված նյութերը, որոնք ևս մեզ կօգնեն»,- ասաց Լիլիթ Լալայանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմն աչքի ընկավ իրեն բնորոշ վայրագություններով ոչ միայն հայ զինվորների, այլեւ խաղաղ բնակչության հանդեպ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: