ՀՀ կառավարության այսօրվա նիստում ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի միջև:
Երբ Մարտին Սարգսյանը ներկայացրեց ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, վարչապետը հետաքրքրվեց, թե նախորդ տարի կոմիտեն իր բյուջեն որքանո՞վ թերակատարեց:
«Մոտ 12 տոկոսով»,- ասաց Մարտին Սարգսյանը:
«Հիմա որ դուք 4 մլրդ 304 մլն դրամ որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք էդ գումարները, ի՞նչ ենք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Մարտին Սարգսյանը նշեց, թե եթե չկարողանան հավաքագրել՝ առաջնային խնդիրները կլուծեն, հետո նոր կանցնեն առաջ, երբ որ գումարները հավաքագրվեն, նոր բոլոր ծրագրերը կիրականացնեն:
«Հետո մի մոռացեք, որ անցած տարվա փողերը վերցրել եք հետ վերադարձնելու պայմանով: Հիշեցնեմ ձեզ,էլի, ձեզ վնաս է, որ հիշեք, բայց ես հիշեցնեմ ձեզ ևս մեկ անգամ», -ասաց վարչապետը: