Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Սամվել Հակոբյանն այսօր՝ մայիսի 28-ին, ինքնաբացարկ է ներկայացրել: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:
Սամվել Հակոբյանը դիմումը ներկայացրել է Տարածքային ընտրական հանձնաժողով:
Նշենք. որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնին պայքարելու համար առաջադրվել է 6 թեկնածու: Ինքնառաջադրվել է որպես Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը՝ Ծառուկյանի ազգականը վերջինիս կնոջ կողմից: Վահագն Գեւորգյանի հիմնական մրցակիցը «Քինգ դելյուքսի» սեփականատերը Արթուր Գեղամի Հարությունյանն է՝ Պալաչը: Նույն անուն-ազգանուն-հայրանունով՝ Արթուր Գեղամի Հարությունյան, ինքնառաջադրվել է նաեւ մեկ այլ թեկնածու: Ըստ Պալաչի՝ վերջինիս առաջադրել է Ծառուկյանը, որպեսզի մարդկանց շփոթության մեջ մտցնի եւ իր փոխարեն՝ շփոթվեն ու նրա օգտին քվեարկեն: Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: