Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ ներկայացրեց կառավարություն տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:
Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը տխուր պատմություն ունի: Ավելին՝ այս նախագիծը ժառանգություն է նախորդ իշխանությունից:
Արարատ Միրզոյանի խոսքով՝ պետք է այնպես անել, որ քաղաքացին չտուժի այս գործընթացից: «Կա՞ երաշխիք, որ այդպիսի բան չի լինի»,- հարցրեց նա Պապիկյանին:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառուցապատող ընկերությունը հավաստիացրել է՝ իրենց ընկերությունը քաղաքի տարբեր հատվածներում բազմաբնակարան շենք է կառուցել, եւ 48 գույքի փոխհատուցման հարցը կարող են այդպես լուծել: «Բացի այդ՝ կա վարչապետի հատուկ հանձնարարականը Երեւանի քաղաքապետարանին՝ ամեն ամիս զեկուցել իրեն այս նախագծի մասին»,- պատասխանեց Պապիկյանը:
Հիշեցնենք՝ խոսքը «Հին Երեւան» ծրագրի մասին է, որով նախատեսվում է իրականացնել պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն ստեղծվում կորսված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:
Կառավարության անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին: