Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվելիք օտարերկրյա զինվորների բացակայության փաստաթուղթը վկայում է՝ երկու երկրները միմյանց այդքան էլ չեն վստահում: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավարը, որին հարցրինք Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին:
Հիշեցնենք՝ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան և Երևանը ավարտում են փաստաթղթի մշակումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինվորների բացակայությունը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել էր՝ խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է:
Փորձագետը հավաստիացրեց՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը երբեք այսպիսի փաստաթուղթ չի պահանջել:
Գրիգոր Գրիգորյանը դժվարացավ ասել՝ Ռուսաստանն ինչո՛ւ չի վստահում Հայաստանին, սակայն հիշեցրեց՝ կենսաբանական լաբորատորիաները Ռուսաստանին անհանգստացրելեն, երբ Վրաստանում կառուցվեց ԱՄՆ կենսաբանական լաբորատորիան: «Ռուսաստանը չէր կարծում, որ մի գեղեցիկ օր չի վստահի Հայաստանին՝ որպես իր հուսալի գործընկերոջ: Կասկած ունեմ, որ սա կապված է աշխարհաքաղաքական վիճակի հետ: Մեր տարածաշրջանում հայտնվել են հիվանդություններ, որոնք երբեք այստեղ չեն եղել»,- մանրամասնեց ՍԱՏՄ նախկին ղեկավարը:
Նա հորդորեց կառավարությանը, հատկապես ԱԱԾ-ին զգոն լինել, որ արտակարգ իրավիճակի դեպքում կարողանան վաղ շրջաում կանխել որեւէ հիվանդության տարածումը: «Երրորդ համաշխարհային պատերազմը լինելու է կենսաբանական պատերազմ, սակայն կենսաբանական զենքի կիրառությունը դժվար է ապացուցել: Դրա համար մենք պետք է ունենանք մասնագիտացված ստորաբաժանում»,- կարծում է մեր զրուցակիցը:
Կարո՞ղ է Հայաստանը չստորագրել այդ փաստաթուղթը: Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ մենք մանեւրելու տարբերակ չունենք. ժամանակին պետք է մտածեինք, որ այս իրավիճակը չլիներ: «Ավելին՝ Հայաստանում գործող ԱՄՆ լաբորատորիաների մասին կասկածներ կան նաև Իրանի կառավարությունում»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
Մեր դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր՝ Իրանի կառավարությունը Հայաստանին այդ հարցով չի դիմել, անհանգստանալու կարիք չկա, Գրիգոր Գրիգորյանը չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ տնօրենի խոսքերը:
Սոնա Դավթյան