տուն Լուրեր Ա. Հովհաննիսյանը` Գասպարիի կալանավորման մասին

Ա. Հովհաննիսյանը` Գասպարիի կալանավորման մասին

172
0

Arpine1

ՀՀ Կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հատված ընթերցեց Մարդու իրավունքների նախորդ պաշտպանի զեկույցից, որում նշվում էր դատական համակարգի կաշառքների թիվը: Մասնավորապես, ըստ Փոստանջյանի, առաջին ատյանի դատարաններում կաշառքի սակագները 500-10 հազար ԱՄՆ դոլար են կազմում, Վճռաբեկում՝ 10-50 հազար ԱՄՆ դոլար:

«Հայաստանում այսպիսին է դատական համակարգը, սա դժբախտություն է»,- ասաց Փոստանջյանը: Փոստանջյանը հայտարարեց, որ  ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր կալանավորվել է այն հիմնավորմամբ, թե իբր վիրավորել է դատարանին: Նրան տեղափոխել են հոգեբուժարան, ուզել են անօրինական փորձաքննության ենթարկել ինչը, փաստաբանների միջամտությամբ, տեղի չի ունեցել : Փոստանջյանի խոսքով՝ փաստաբաններն ահազանգում են, որ Գասպարիին խոշտանգում են, նրա վրա սառը ջուր են լցնում, ծեծում են: Նա կոչ արեց կառավարության անդամներին՝ անհապաղ ազատ արձակել Գասպարիին:

Պատասխանելով հարցին, ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե  Վարդգես Գասպարին խցում պառկել է գետնին և խցակիցների հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացրել, այնուհետև տեղափոխվել է առանձին խուց մեկ անձի հետ եւ մինչև այսօր այնտեղ է: Քննիչի որոշմամբ է եղել նրան փորձաքննության ենթարկելը, դրանից հետո նա կվերադառնա խուց:

Վերջին տեղեկությունն այն  է, որ Գասպարին իր առողջական վիճակի մասին որևէ պահանջ չի ներկայացրել: «Իմ հանձնարարականով բժիշկները նրան հարցրել են, թե առողջական խնդիր ունի՞, նա պատասխանել է, որ չունի, ասել է, որ խցակիցները խնդիր ունեն: Բառացի այդպես է ասել: Ես հորդորում եմ տերմինների հետ զգույշ լինել՝ խոշտանգման հետ կապված: Ես առաջին անգամ եմ նման բան լսում»,- ի պատասխան ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Զարուհի Փոստանջյանըն էլ արձագանքելով նշեց, որ Ազատություն ռադիոկայանի լրագրողին ու փաստաբաններին նա ասել է, որ վատ է զգում իրեն, խոշտանգում են իրեն, բանավոր ասել է, որ սառը ջուր են լցնում իր վրա: Նա հորդորեց այս հայտարարությունը քննության առարկա դարձնել:

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ սառը ջուր լցնելու տեղեկատվությունը ես այս դահլիճում եմ ստացել, մինչ այդ պահը նա որևէ բողոք չի ներկայացրել: Ես խոստանում եմ, որ հետևողական կլինեմ: Նորից եմ կրկնում՝ խցակիցների հետ լարվածությունն առաջացել էր իր՝ հատակին պառկելու համար»,- ասաց նա: