Քիչ առաջ համացանցում հայտնվել էր տեղեկություն, համաձայն որի լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Կանազի» զինվորական հոսպիտալում։ Մհեր Ղալեչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետեւյալ գրառումը, որը խուճապ էր առաջացրել օգտատերերի շրջանում․ «Կանազի զինվորական հոսպիտալի մոտ ինչ-որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են: Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե՝ կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի: ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս: Ես ուղղակի չգիտեմ, ինչ է եղել, բայց գոնե այս եղանակով լուրը տարածվի, միգուցե ՊՆ-ն ինչ որ բացատրություն տա, պարզաբանի: Բոլոր ականատեսներին մտահոգում է, թե ինչ եղավ այդ զինվորների հետ»։
Araratnews.am-ի լրագրողը, «Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով, ժամանելով դեպքի վայր, ականատես է եղել հետեւյալ տեսարանին․ հոսպիտալի բակում հավաքված էին բազմաթիվ ավտոմեքենաներ՝ հիմնականում Պաշտպանության նախարարությանը պատկանող պետհամարանիշներով: Տարածքում հավաքված էին նաեւ կաշվե բաճկոններով բազմաթիվ տղամարդիկ, որոնք ներս ու դուրս էին անում հոսպիտալ, իրարանցում էր նաեւ հոսպիտալի ներսում:
Պաշտպանության նախարարության մամլո խոսնակը րոպեներ առաջ հետեւյալ գրառումն է կատարել՝ Արծրուն Հովհաննիսյան. Այսօր երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են եւ իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել: