ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ ուղղաթիռով Սյունիքի մարզ գնալու հանգամանքին՝ ասելով, որ ընդդիմադիրները խախտում են գտել, քննարկում են այդ հարցը:
«Ինչու եմ եկել պետական մեքենայով, որովհետեւ չեմ կարող չգալ, որովհետեւ ոչիստների (ինչ լավ անուն է, չէ՞», այդ ոչիստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Եթե նույնիսկ փախնեմ, էս բոլոր ժողովուրդը վազելու է իմ հետեւից, որ բռնի»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ որոշել էին թիկնապահներից գաղտնի զբոսնել Երեւանում:
Ինչպես գրում է « Հայկական Ժամանակը»` շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա չեն տարածվում քարոզարշավի ընթացքում նախատեսված այն սահմանափակումները: Սա նշանակում է, որ քարոզչության ժամանակ եւս չի կարող հրաժարվել պետական պահպանությունից:
Անդրադառնալով իրեն ուղղված նման մեղադրանքների ենթատեքստին, թե վարչապետ դառնալուց հետո ճոխությունների սիրահար է՝ Փաշինյանը պատասխանեց Օստապ Բենդերի հայտնի մտքին հղում անելով եւ ասաց, որ ուղղաթիռը փոխադրամիջոց է եւ ոչ թե ճոխություն:
Ասաց նաեւ, որ ուղղաթիռն հենց այդ պահին էլ, առանց իրեն թռչում է, որովհետեւ հատուկ սահմանված թռիչքային ժամեր ունի՝ արժեքը չկորցնելու համար: Նույնը վերաբերում է ինքնաթիռին, մեքենային:
«Ես նստում եմ էն աթոռի վրա, որ աթոռի վրա երեւի 2 տարի նստել է Կարեն Կարապետյանը: Ընդհանրապես, իմ աշխատասենյակում, մտել եմ, ինչ եղել է, նույնը մնացել է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ընդամենը փչանալուց հետո հեռուստացույցն ու համակարգիչն են փոխել:
Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ օրինականության մասին դատողություններ անող «ոչ»-ի կողմնակիցներին հարց ունի, որի պատասխանից պարզ կլինի՝ օրենքի եւ օրինականության նկատմամբ նրանց վերաբերմունքը:
«Հարց «ոչ»-ի շտաբին. արդյոք Սերժ Սարգսյանը 2013 թվականին օրինական ճանապարհո՞վ է ընտրվել նախագահ: Ժողովուրդը նրան ընտրե՞լ է, թե ապօրինի ճանապարհով է ընտրվել: Երկրորդ. 2008-ին արդյոք օրինական ճանապարհո՞վ է ընտրվել»,- հարցրեց Փաշինյանը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: