տուն Հասարակություն 800 կասեցված շինթուլտվություն․ իրականում որքան է թիվը Մարությանի օրոք

800 կասեցված շինթուլտվություն․ իրականում որքան է թիվը Մարությանի օրոք

467
0

Օրերս մամուլում հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մոտ 800 շինթույլտվության ակտեր սառեցվել են դատական պրոցեսների պատճառով։ Ըստ աղբյուրի՝ շինարարությունները հաճախ իրականացվում են դրսի ներդրողների կողմից, բայց դատական գործընթացների ձգձգման պատճառով շինարարությունները կասեցված են, ինչը ֆինանասական մեծ վնաս է պատճառում ներդրողներին։ Արդյունքում՝ նրանք հեռանում են Հայաստանից։

Araratnews.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել, թե այս պահի դրությամբ քանի շինթույլտվության ակտ է կասեցվել դատական պրոցեսների պատճառով և ինչ է լինելու դրանց ճակատագիրը, չէ՞ որ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ դատական պրոցեսների պատճառով շուրջ 150 մլրդ դրամի ներդրումների հոսքերը դադարել են։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենսդրությունն այդպիսին է, ոչինչ չեն կարող անել․ «Եթե կա դատական վեճ՝ ինչ-որ շենքի կառուցման հետ կապված, օրենքի ուժով այդ շինարարությունը կասեցվում է, մինչև պրոցեսն ավարտվի»։

Նշանակում է՝ շինթույլտվությունները ապօրինի են տրվել, կամ եղել են խախտումներ, չէ՞ որ այսօր դատական վեճի առարկա են դարձել, ո՞վ է պատասխանատվություն կրելու այդ թույլտվությունը տալու համար։

«Ես չեմ կարող ասել, որովհետև պատասխանատվության պարբերաբար ինչ-որ մարդիկ ենթարկվում են կամ քրեական հետապնդման են ենթարկվում։ Պետք է խոսենք կոնկրետ դեպքերի մասին, և ամեն մի դեպքը մի հանգամանք է իր մեջ պարունակում։ Եթե նկատի ունեք, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչների ինչ-որ թերացման կամ հնարավոր կեղծիքների մասին է խոսքը, դա ուրիշ բան է, բայց կան նաև այլ դեպքեր․ Աբովյան 5 հասցեում, որը քաղաքի կենտրոնում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, տարիներ շարունակ այնտեղ շինհրապարակ է, այնտեղ սխալ կամ ճիշտ թույլտվության կամ քրեական հանցակազմ պարունակող դեպք չկա, ուղղակի հարևանությամբ գտնվող շենքի սեփականատերը քաղաքացիական վարույթ է ներկայացրել շինարարություն իրականացնող ընկերության դեմ, և շինարարությունը կասեցվել է»։

Ինչ վերաբերում է ներդրողներին, ովքեր տուժում են տարիներ տևող դատական գործընթացների պատճառով, Կարապետյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ գործընթացն այդպես է ընթանում, միգուցե հետագայում փոփոխություններ լինեն։

Ինչևէ, փորձեցինք քաղաքապետարանից ճշտել նշված 800 շինթույլտվության ակտի դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը։ Մեզ ասացին, որ խոսքը, հավանաբար, ամբողջ հանրապետության մակարդակով կասեցումների մասին է, բայց եթե նշված չէ հստակ ժամանակահատված, իրենք չեն կարող տվյալներ տրամադրել կասեցումների վերաբերյալ, բայց կարող են որոշակի տվյալներ տալ, թե Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո ինչ է տեղի ունեցել։

«Այս պահին դատարանում վիճարկվում է 34 շինթույլտվության դադարեցման ակտ, որոնք Մարությանի կողմից չեն տրվել, ուղղակի դատարան ենք դիմել, երբ քաղաքապետը Մարությանն էր։ Խոսքը նախորդ իշխանությունների օրոք տված շինթույլտվությունների դադարեցման մասին է։ Կոնկրետ Մարությանի կողմից տրվել է 12 շինթույլտվության դադարեցման ակտ, որոնք դատարանում վիճարկվում են»։

Հ․Գ․ Araratnews.am-ը հարցում կուղարկի նաև կառավարություն՝ պարզելու, թե որքան է տնտեսությունը տուժել շինթույլտվությունների կասեցման և դրան հաջորդած ներդրումների հնարավոր հոսքի պատճառով։