70 տարի առաջ ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում իրականացված մահապատիժը, որի ժամանակ կյանքից զրկվել էր 14-ամյա Ջորջ Սթինին, իրականացվել է դատական սխալի հետևանքով։ Այս մասին որոշում է կայացրել տեղի դատարաններից մեկը։
«Ես չեմ կարող մարդու սահմանադրական իրավունքի ավելի մեծ խախտում պատկերացնել, քան այն, որն ապացուցվել է այս դեպքում», — ասել է դատավոր Կարմեն Մալլենը։ Մահապատժի ենթարկվածի տարեց քույրերի և եղբոր խնդրանքով, որոնք ներկայում 80-անց են, դատարանն անօրինական է հայտարարել այդ որոշումը։
Ջորջ Սթինին 1944 թվականին ձերբակալվել էր 8 և 11 տարեկան սպիտակամորթ աղջիկների սպանության համար։ Նա ձերբակալվել էր առանց ծնողների ներկայության, հարցաքննվել առանց փաստաբանի։ Դատական որոշումը կայացրել էին սպիտակամորթ երդվյալ ատենակալները երկու ժամում, իսկ մահապատիժն իրականացվել էր անմիջապես՝ առանց որոշումը բողոքարկելու իրավունքի։