Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը: ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Տավուշի մարզի մի շարք համայնքային խնդիրների՝ ընթացիկ կարիքների լուծման անհրաժեշտությամբ:
Երիցյանը հայտնեց, որ այդ խնդիրների լուծման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 66,030.5 հազ. դրամ գումար:
Նա նշեց, որ նպատակը սույն թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցումն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կա նախագահի հանձնարարական և նշեց, որ այդ գումարները հնարավորինս արագ կհատկացվեն: