Վերջերս շատ է խոսվում այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի գյուղատնտեսության ոլորտը գնալով զարգանա, իսկ բոլորն են գիտակցում, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որի զարգացումը մեծ չափերի օգուտներ կբերի ՀՀ տնտեսությանը, ինչի կարիքն այսօր մեր երկիրը շատ ունի: Այսօր Հայաստանում դժվար է ինչ որ ներդրումներ անել այս կամ այն ոլորտում, կամ ինչ որ քայլեր ձեռնարկել, բայց այնուամենայնիվ, քայլեր ձեռնարկելն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ մեր տնտեսության վիճակն օր օրի վատթարանում է: Գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների, ձեռքբերումների ու նորամուծությունների մասին Araratnews.am-ի լրագրողը զրուցել է ԲԻՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Թորգոմյանի հետ: Վերջինս ներկայացնում է մի ծրագիր, որը թույլ կտա նորագույն տեխնոլոգիաների միջոցով քանակապես շատ և որակապես ավելի բարձրորակ ապրանք ստանալ: Ներկայումս ԲԻՈ ԳՐՈՒՊ-ը զբաղվում է հիդրոպոնիկ եղանակով լոլիկի և ելակի տեսակների աճեցմամբ և իրացմամբ՝ 1.2 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային տնտեսությունում, որը հագեցած է եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիական բազայով:
ԲԻՈ ԳՐՈՒՊ-ն այս ծրագիրն արդեն ներկայացրել է Կառավարությանն ու գյուղնախարարին և համապատասխան ֆինանսավորում ստանալու դեպքում ծրագրի համար նախատեսվում է 20 հա հողատարածք՝ 10-ում փակ ջերմոցային, 10-ում բացօթյա ջերմոցային տնտեսություններ, կառուցելու համար, որոնցում կաճեցվեն ինչպես մրգեր, այնպես էլ բանջարեղեններ:
«Մեր տարածաշրջանը բավականին բարենպաստ է նման տեխնոլոգիաների ներմուծման համար: Ինչ վերաբերում է հողին, ապա հողից չենք կարող մեծ քանակով բերք ստանալ, բացի այդ էլ՝ հողում ամբողջ ծավալով տարածված վարակներն 99 % են կազմում, որովհետև երբ մի բույս հիվանդանում է, ապա վարակը փոխանցվում է հողով նաև մյուսներին. արդյունքում առողջ բերքի մասին խոսք լինել չի կարող, իսկ հողը բուժելու համար էլ երկար ժամանակ է անհրաժեշտ:
Մենք Հոլանդիայից ներմուծել ենք բիոպերլիտ. սա տարա է, որի մեջ աճում են բույսերը: Այստեղ մարդկային գործոնը շատ քիչ է, հետևաբար ռիսկերն էլ են զրոյի հասցված: Եթե որևէ բույս հիվանդանա, ապա սա չի փոխանցվի մնացածների, որովհետև յուրաքանչյուր բույս աճում է առանձին ամանի մեջ և չի կարող վարակել մնացածին, ինչն անխուսափելի է հողի դեպքում»,-այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Թորգոմյանը:
Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի նաև գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագիրը դրական կանդրադառնա նաև տնտեսության վրա՝ արտահանվող հայկական ապրանքը մրցունակ դարձնելով արտասահմանյան շուկայում:
Ծրագրի իրականացման համար ԲԻՈ ԳՐՈՒՊ-ն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդական «Ամերլան» ընկերության հետ, որը կզբաղվի ջերմոցի կառուցման գործերով: Կառավարության կողմից ծրագրի՝ հանվանության արժանանալու դեպքում նախատեսվում է 2015 թ-ի աշնանը սկսել ջերմոցի շինարարական աշխատանքները և գործարկել ջերմոցը 2016-ի մարտից: Ծրագրի հաջող գործարկվելու դեպքում տարվա կտրվածքով նախատեսվում է 550 հազար կգ լոլիկ արտադրել:
Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողատարածքներին, ապա Թորգոմյանի խոսքով՝ առավել նախընտրելի են բարձրադիր գոտիները (Հրազդան, Կոտայքի մարզ): Վերջինս նշեց, որ ներկայումս հողերի 80 %-ը չի մշակվում, ինչը մեծ խնդիր է: Դդմաշենում հողի խնդիրն արդեն իսկ լուծված է. այստեղ 20 հա-ի վրա ջերմոց կառուցելու դեպքում 250 նոր աշխատատեղ կստեղծվի: