Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցության համագումարը` ավելի քան 7 հազար պատվիրակների մասնակցությամբ: Համագումարում նախատեսվում է ընտրել քաղխորհրդի նոր կազմ ու ղեկավարություն: Համագումարը հեռարձակվում է Վրաստանի հեռուստալիքներով:
Սա կուսակցության յոթերորդ համագումարն է և առաջինը խոշոր պառակտումից հետո: Համագումարում ելույթ կունենան կազմակերպության առաջնորդները:
Ներկաներին խոսքով դիմել է Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, համագումարին ներկա են նաև նախկին նախագահի ընտանիքի մյուս անդամները: «Դուք ուժեղացնում եք կուսակցությունը և հզորացնում եք Միշային [Սաակաշվիլիին.- խմբ.], իսկ Միշան հզորացնում է ձեզ: Նրա մեջ այնպիսի մեծ ուժ կա, որ ոմանք այս երկրում վախենում են նույնիսկ նրա ստվերից… Որքան էլ նրանք ջանան թուլացնել Միշային, այլ արդյունք կստանան»,- հայտարարել է Ռուլոֆսը: