Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրած համակարգն օպտիմալացվել է, սակայն դատարանները, որոնք զբաղվում են այդ խախտումների տուգանքների բողոքարկումների քննությամբ, չեն արդիականացվել, և վարչական դատարանի ամբողջ համակարգը ծանրաբեռնված է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Եթե մենք վարչական ակտերի բողոքարկման շուրջ շարունակում ենք խոսել վարչական դատարանների միջոցով, պետությունը մոտավորապես 5000 դրամ տուգանքի վերադարձման համար ծախսում է մոտավորապես 70․000 դրամ։ Եվ սա բյուջետային միջոցների վատնում է»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ 5000 դրամ տուգանքը վերադարձնելուց բացի, պետությունը փակում է դատական ծախսերը։