Ամիսներ առաջ Araratnews.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ կառավարությունում քննարկում են Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում ներկայացրեց համազգային այն խնդիրները, որոնք մինչեւ 2050 թվականը պետք է լուծեն: Դրանցից մեկը Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելն է, ինչը տարբեր արձագանքեր ունեցավ հասարակության մեջ։
Araratnews.am-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանին հարցրեց՝ որքանով է այդ թիվը իրատեսական: «Ոչինչ բացառել չենք կարող: Բնակչության ավելացումը պետք է լինի ներգաղթի եւ բնական աճի շնորհիվ: Մենք բավական մեծ ռեսուրս ունենք՝ դա անելու»,- ասաց պարոն Մարկոսյանը:
Մեր հարցին՝ 2050 թ-ը հայտարարելուց առաջ քննարկումներ եղե՞լ են կառավարությունում՝ Արտակ Մարկոսյանը դրական պատասխանեց. «Կառավարությունում քննարկումներ ժողովրդագրության խնդրի մասին եղել է։ Ես ուղղակի ասում եմ՝ ոչինչ չպետք է բացառել: Եթե իրականացվեն այն խոստումները, որոնք տրվել են՝ կայուն պետություն, տնտեսական բարձր աճ՝ Հայաստանը գրավիչ կդառնա ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ օտարերկրացիները մեծ թիվ կազմեն»,- ավարտեց իր խոսքը Արտակ Մարկոսյանը: