տուն Լուրեր «4+4+4» ձևաչափով առաջին քննարկումը կայացավ. ո՛չ համաձայնություն կա, ո՛չ վստահություն (տեսանյութ)

«4+4+4» ձևաչափով առաջին քննարկումը կայացավ. ո՛չ համաձայնություն կա, ո՛չ վստահություն (տեսանյութ)

64
0

david

Երեկ տեղի ունեցավ  «4+4+4» ձևաչափով նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանության, ընդդիմության եւ քաղհասարակության մասնակցությամբ առաջին քննարկումը: Այս ձևաչափով քննարկման առաջարկը, հիշեցնենք, արել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որն էլ փաստորեն ընդունվեց իշխանության կողմից:

Մինչ քննարկումը կմեկնարկեր, միջադեպ գրանցվեց ԱԺ անցակետում. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հրաժարվում էին խոհրդարան մտնելուց առաջ անցակետում թողնել իրենց անձնագրերը: Այնուհետև կրքերը բորբոքվեցիբ արդեն խորհրդարանի ներսում, երբ որոշվում էր՝ քննարկումը լինելու է փա՞կ, թե՞ բաց:

«Եթե նպատակն իսկապես աշխատանք կատարելն է եւ իրար հասկանալը, տեսնել՝ ինչ լուծումներ կան, այդ դեպքում, կարծում եմ, քննարկումը կլինի փակ ռեժիմով»,- իր տեսակետը հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ի վերջո 17:30-ին նախատեսված քննարկումը 19:00-ին մեկնարկեց` առանց լրագրողների ներկայության (փակ): Քննարկմանը մասնակցում էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Քաղհասարակությունից ներկա էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից Տիգրան Եգորյանն ու «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ից Սոնա Այվազյանը:

Մոտ երեք ժամ տևած քննարկումից հետո պարզ դարձավ, որ կողմերը հասցրել են խոսել ընդամենը երկու հարցի վերաբերյալ՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ մատների թանաքոտման: Տեսակետներ են փոխանակել, լսել միմյանց, սակայն, ինչպես լրագրողներին հայտնեց կառավարության ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որևէ համաձայնություն դեռ չկա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եւս վստահ չէ, ոչ այս քննարկումներն արդյունք կտան: Նա լրագրողներին ասաց, որ վստահություն չկա, սակայն միևնույն ժամանակ չբացառեց, որ «կլինի դիրքորոշումների մերձեցում»:

Ուշագրավ է մի փաստ եւս՝ երեկ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան՝ ի վերջո «4+4+4» ձևաչափով քննարկո՞ւմ ունեցան, թե բանակցություն: Զուրաբյանը շարունակ նշում էր՝ բանակցություն, իշխանության ներկայացուցիչները հակադարձում էին՝ ոչ թե բանակցություն, այլ քննարկում:

Նշենք, որ «4+4+4» ձևաչափով հաջորդ քննարկումը տեղի կունենա ուրբաթ օրը, ժամը  18:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Շողիկ Գալստյան