Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն ունի 36 զոհ, 122 վիրավոր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Ստեփանակերտում, ԼՂՀ ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը:
Նրա խոսքով, անցած օրվա ընթացքում լարվածությունը բավական նվազել է։ Առանձին ուղղություններով նկատվել են հրաձգային զենքից հրադադարի խախտման դեպքեր, հյուսիսային հատվածում վիրավորում է ստացել մեկ զինծառայող։ Հայկական կողմը Աղդամի ուղղությամբ ոչնչացրել է հակառակորդի մեկ անօդաչու սարք։
Ամբողջ գործողությունների ընթացքում վերջին ճշտված տվյալների համաձայն, ԼՂՀ ՊԲ-ն ունի 36 զոհված, որոնցից 9 սպա եւ ենթասպա։ Նախորդ օրվա համեմատ թվերի տարբերության պատճառն այն է, որ մարտադաշտում հայտնաբերվել է չորս զինծառայողի դի, եւս մեկ զինծառայողի ողջ են գտել։ Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 21 անհետ կորած։
Մարտական գործողությունների հետեւանքով 122 զինծառայող վիրավորվել է, նրանցից 24-ը սպաներ եւ ենթասպաներ են, 98-ը՝ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ։
Վիկտոր Առստամյանի խոսքով, հակառակորդի զոհերի եւ կորոսւստների մասին վերջնական թիվ այս պահին չկա, քանի որ դրանք անհամար են, տարբեր աղբյուրներով փորձում են ճշտել։