տուն Սպորտ 36 միլիոն ֆունտ ստեռլինգ. Մխիթարյանի տրանսֆերային գործարքը՝ կայացման շեմին

36 միլիոն ֆունտ ստեռլինգ. Մխիթարյանի տրանսֆերային գործարքը՝ կայացման շեմին

243
0

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է 36 միլիոն ֆունտ վճարել «Ռոմայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի համար։ Մասնավորապես, գործարքի կայանալու պարագայում լոնդոնյան թիմը 23 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի «Ռոմային», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, գրում է 1in.am-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբում մեր ֆուտբոլիստը վարձակալության հիմունքներով տեղափոխվեց «Ռոմա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Հայտնի սպորտային մեկնաբան Նիկոլո Շիրան երեկ իր Թվիթերի էջում գրել է, որ կողմերը եկել են համաձայնության, և Իտալիայում Մխիթարյանի մնալու հարցը մոտ ապագայում վերջնական լուծում կստանա։ Շիրայի հավաստմամբ՝ գործարքի վերաբերյալ համաձայնության են եկել նաև ֆուտբոլիստների գործակալները, որոնք վերջին օրերին ակտիվ բանակցություններ են վարել։ ««Ռոման» ամեն ինչ անում է Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու համար։ Իտալական թիմը մեկ անգամ չէ, որ «Արսենալին» առաջարկել է Կլյուվերտին։ Վերջապես խնդիրը հանգուցալուծվում է։ «Արսենալը» պատրաստ է 36 միլիոն ֆունտ վճարել»,- նշել է Շիրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Կլյուվերտին ձեռք բերելու առաջարկով «Արսենալն» է դիմել «Ռոմային»։ Նշվում էր, որ Կլյուվերտի տրանսֆերի համար «Արսենալը» առաջարկել է «Ռոմային» տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 15 միլիոն եվրո հավելավճարով։ Ստացվում է, որ բանակցությունների արդյունքում գործարքի գինը զգալի ավելացել է։ Ըստ Transfermarkt պարբերականի՝ Կլյուվերտի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 22.5 միլիոն եվրո, իսկ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ 20 միլիոն։

Կլյուվերտը «Ռոմա» է տեղափոխվել 2018 թվականին՝ Ամստերդամի «Այաքսից»։ Նրա տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել էր 17.5 միլիոն եվրո։ Մոտ երկու շաբաթ առաջ «Արսենալի» երկրպագուները ակումբի ղեկավարությունից պահանջում էին ամեն գնով ձեռք բերել Կլյուվերտին։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով «Արսենալը» հայտնվել է բավական ծանր իրավիճակում: Մասնավորապես, քիչ չեն ֆուտբոլիստները, որոնք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում են հեռանալ թիմից։ Կադրային խնդիրները լուծելու համար էլ լոնդոնյան ակումբը միջոցներ չունի։ Ստեղծված իրավիճակում Կլյուվերտին ձեռք բերելու հեռանկարը ոգևորության ալիք էր բարձրացրել «Արսենալի» երկրպագուների շրջանում։ Թվիթերում և սոցիալական այլ կայքերում թիմի հազարավոր երկրպագուներ հորդորում էին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անպայման պայմանագիր կնքել հոլանդացու հետ։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ևս ցանկանում է իր թիմում տեսնել Կլյուվերտին և մեծ հույսեր է կապում նրա հետ։ Չի բացառվում, որ «Արսենալը» պատրաստակամություն է հայտնել ըստ էության 36 միլիոն եվրո տրամադրել «Ռոմային» նաև երկրպագուների ճնշման արդյունքում։ Երկրպագուները հնարավոր գործարքը համարում են նաև որպես իդեալական բիզնես նախագիծ, որը ճգնաժամային պայմաններում լուրջ խթան կհանդիսանա։

Պետք է հաշվի առնել, որ հոլանդացի կիսապաշտպանը իտալական Ա սերիայի ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներից է, ու տրանսֆերը առաջիկա տարիներին կարող է կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել։ Վերջին զարգացումները վերլուծելու պարագայում կհամոզվենք, որ մասնավորապես «Արսենալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է Մխիթարյանի տրանսֆերից նյութական օգուտ քաղել։

Այո, շատ էր խոսվում մեր հավաքականի ավագի վարձակալության ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին, բայց… Չմոռանանք, որ հաջորդ տարվա դեկտեմբերին ավարտվում է Մխիթարյանի և «Արսենալի» միջև կնքված պայմանագրի ժամեկտը։ Վարձակալությունը երկարաձգելու դեպքում «Արսենալը» կստանա չնչին գումար, իսկ եկող տարի ուղղակի կկորցնի հայ ֆուտբոլիստին։ Ավելի ստույգ, պայմանագիրը ավարտվելուն պես Մխիթարյանը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ։ «Ռոման» իր հերթին, Մխիթարյանին թիմում պահելու մտադրությունից զատ, ցանկանում է նաև կարգավորել ֆինանսական խնդիրները։ Մխիթարյանի թիմում մնալու և 23 միլիոն ֆունտ ստանալու պարագայում իտալական ակումբը հնարավորություն կստանա մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ ձեռք բերելու ու ուժեղացնելու կազմը։

«Ռոմայի» առաջ խնդիր է դրված գալիք մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչպես նաև նվաճել Եվրոպա լիգայի գավաթը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» 26-րդ տուրից հետո 45 միավորով 5-րդն է և երեք միավորով է հետ մնում 4-րդ հորիզոնականում գտնվող «Ատալանտայից»։ Իտալիայում Չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք են ստանում առաջին քառյակում տեղ գտած թիմերը։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տրվում նաև Եվրոպա լիգայի հաղթող ակումբին։