տուն Քաղաքական Հայաստան 35000-40000 դրամ` երկու պարբերություն ունեցող հոդվածի համար. Հայրապետյան

35000-40000 դրամ` երկու պարբերություն ունեցող հոդվածի համար. Հայրապետյան

138
0

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում մասնավորապես նշեց. «Նախկինում մեր երկրում բավականին բացասական մի պրակտիկա կար իշխանություններ-ԶԼՄ-ներ փոխհարաբերությունների համատեքստում: Մոտավորապես, եթե նկարագրեմ այն մեխանիզմը, որ գործել է, այն կունենա հետևյալ տեսքը: Առանձին գերատեսչություններ, օրինակ, նախարարություններ, ունեին գործընկերներ, որոնք լուսաբանում էին պաշտոնյաների կատարած աշխատանքը, նրանց գործունեությունը: Եվ սրա համար նախարարությունները գումար էին վճարում այդ գործընկերներին: Ես երկու մասի կբաժանեմ դրանց. առաջինը, որոնք պրոֆեսիոնալ կերպով կատարում էին իրենց աշխատանքը և լուսաբանում էին տվյալ, ասենք, նախարարի կատարած աշխատանքը, և երկրորդ կատեգորիա ԶԼՄ-ներ, որոնք էլի պետական բյուջեից գումար էին ստանում՝ լռության դիմաց: Սա հստակ, տարիներ շարունակ գործող պրակտիկա է եղել մեր երկրում: Կարող եմ նաև ասել, որ բավականին արդարացված, և 2018 թվականի մայիսին նշանակվելով Սփյուռքի նախարարի պաշտոնում՝ իմ աշխատանքային երրորդ օրը հանձնարարել եմ, որպեսզի կատարվի վերլուծություն, որից հետո որոշում եմ կայացրել, որ երկրորդ դասին պատկանող լրատվամիջոցների հետ համագործակցություն գոնե իմ գլխավորած գերատեսչությունը պիտի չունենա: Ինչպես ես, այնպես էլ մի շարք իմ քաղաքական թիմից պաշտոնյաններ ևս հրաժարվել են այս պրակտիկան կիրարկելուց: Բանն այն է, որ, փաստորեն, տարիներ շարունակ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել են առանձին պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, որպեսզի պարզապես տվյալ այս կամ այն լրատվական միջոցը վատ վերնագրերով կամ վատ բովանդակությամբ հոդվածներ չգրեն տվյալ պաշտոնյայի մասին կամ նրանց մերձավորների մասին: Պատկերացրեք հետևյալ իրավիճակը. մոտ 35000 կամ 40000 դրամ վճարվել է երկու պարբերություն ունեցող հոդվածի համար, որը ոչ ավել կամ ոչ պակաս, քան պարզապես մամուլի հաղորդագրությունն ուղարկելու պարագայում լրատվական միջոցները հրապարակում էին, և դրանք լուսաբանվում են: Հիմնական նպատակը, եթե տվյալ լրատվական միջոցներում, որոնեք տվյալ պաշտոնյայի անունը՝ կտեսնեք, որ այնտեղ որևէ տեսակի բացասական հոդված, բացասական հրապարակում տվյալ ժամանակահատվածում, որ իրենք ստացել են ֆինանսավորում, չի եղել տվյալ քաղաքական գործիչների մասին: Բնականաբար, այստեղից արդեն պարզ է դառնում, թե ինչու ենք մենք հրաժարվել այդ պրակտիկայից, և եթե հետհայացք գցենք մայիս-հունիս ամիսներին՝ ձեզ համար ակնհայտ կլինի, թե որ պաշտոնյաներն են հրաժարվել այդ պրակտիկայից. մարդիք, որոնք առավոտից մինչև գիշեր 15-20 լրատվամիջոցների կողմից թիրախավորվել են անխնա, քննադատվել են, նրանց վերաբերյալ և նրանց ընտանիքների ու մերձավորների վերաբերյալ ստահոդ լուրեր են շրջանառվել տվյալ ԶԼՄ-ներով… 14-15 լրատվամիջոցներ, փաստորեն, նման համագործակցություն ասեմ, գործարք ասեմ, բայց նման մեխանիզմներ կիրառել են պետական գերատեսչության հետ, հետևաբար հիմա… Ես ուզում եմ մեր հանրությանը ներկայացնել, թե ինչու է մեկուկես-երկու տարի շարունակ առանձին լրատվական միջոցներ այս չափ անխնա ու անողոք դաժանաբար քննադատում ինձ, իմ քաղաքական թիմակիցներին»: