ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ-ից։
«Արտաքսումը» տեղի է ունեցել Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալվելուց հետո:
Անուշ Հովհաննիսյանը Հանրայինի եթերում նշել էր, որ իրենք դեմ են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ՀՅԴ երիտթևի կազմակերպած ցույցերին, քանի որ իրենք համարում էին, որ ցույցերը վաղաժամկետ են. «Հեռանկարային չենք տեսնում ցույց անելը: Պետք է «Կրթության և գիտության մասին» օրենքի քննարկումներ ծավալվեին և կոնկրետ օրակարգով հանդիպումներ լինեի ԿԳՄՍ նախարարի հետ, լինեին հանրային լսումներ, նոր, երբ որ պահանջները չբավարարվեին, դիմել ավելի ծայրահեղ քայլի, որն այս դեպքում հրաժարականն է: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մերժել է ցույցերին մասնակցելը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անուշ Հովհաննիսյանը:
Վանիկ Չալոյանն, իր հերթին, նշել է, որ իրենց դիրքորոշումներն ավագներին ներկայացնելուց հետո դրանք մերժվել են և, որ իրենց պարտադրել են բողոքի ակցիային մասնակցել: Այնուամենայնիվ, իրենք չեն մասնակցել բողոքի ակցիային: