ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԱԱԾ-ի համապատասխան վարչության հետախուզական խմբերի օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել ու հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին, Երևանում 28-ամյա Ն. Հովհաննիսյանին սպանած քաղաքացին։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մկրտիչ Սարկիսյանը, ով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Աղբյուրը գրում է նաև, որ Մ. Սարկիսյանը հայտնաբերվել է գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող, Վանաձորում գործող «Արգիշտի» հյուրանոցային համալիրում։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 14:30-ի սահմաններում սպանություն էր տեղի ունեցել Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: