տուն Լուրեր 2500 վարորդ կմնա անգործ, տրանսպորտի ուղեվարձն էլ կդառնա 200-250 դրամ (տեսանյութ)

2500 վարորդ կմնա անգործ, տրանսպորտի ուղեվարձն էլ կդառնա 200-250 դրամ (տեսանյութ)

99
0

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վերջին շրջանի թանկացումներին եւ տրանսպորտի խնդրին: Նրա խոսքով՝  Երեւանի տրանսպորտային ցանցն անընդհատ վերանայում են, որն անիմաստ աշխատանք է:  Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվն ամենաշատը եղել է  2008-ին՝ 407 մարդ: Դրանից հետո զոհերի թիվը նվազել է, բայց  ամեն տարի զոհերի թիվը 290-ից չի նվազում: Սա, ըստ բանախոսի, տրանսպորտային ցանցի վատ կազմակերպման  հետևանք է:

Արմեն Պողոսյանի խոսքով՝ հանրային տրանսպորտի համար միկրոավտոբուսները  չեն կարող օգտագործվել: «Բաց կամ փակ բաժնետիրական ընկերություն  պետք է ստեղծվի,  հակառակ դեպքում բրիտանական ընկերության հետ քաղաքապետարանի բանակցությունները կլինեն անիմաստ:  Մեր քաղաքապետարանը   840.000 եվրո է վճարել այդ ընկերությանը` անպտուղ բանակցությունների համար»,- ասաց պրն Պողոսյանը:

Սպառողների միության նախագահը մի քանի անգամ հանդիպել է տրանսպորտի խնդրով զբաղվող բրիտանական կառույցի հետ: Նրանք առաջարկում են երթեւեկության նոր սխեմա մշակել, մրցույթները վերանայել եւ միասնական տոմս ներդնել: Միակ դրական բանը, բանախոսի խոսքով, միասնական տոմս ներդնելու համար կարիք չկար բրիտանական ընկերությանն այդքան գումար վճարել:

Արմեն Պողոսյանը համաձայն չէ այն տեսակետին, թե տրանսպորտի ոլորտը վնասով է աշխատում. «Ամեն  օր մեկ միկրոավտոբուսը 30 հազար դրամ շահույթ է ապահովում, իսկ միկրոավտոբուսի համար վճարվող հարկը հաստատագրված  է՝ մեկ մեքենայի համար վճարում է  300 դրամ:  Եթե  մեկ միկրոավտոբուսը 3օ հազար դրամ շահույթ  է ապահովում, որը մտնում է Ժնջիլի ու Գուգուշի գրպանը (նկատի ունի մականունավոր գծատերերին-խմբ.), բա նրանք մի 1000 դրամ չվճարե՞ն պետբյուջե»:

Araratnews.am-ի հարցին՝ տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա՞ երթուղային նոր ցանցի ներդրումից հետո, Արմեն Պողոսյանը դրական պատասխանեց. «Վերջնական չեմ  կարող ասել, թե ինչքան կբարձրանա տրանսպորտի գինը, բայց նախնական հաշվարկներով կլինի 200-250 դրամ»:

Արմեն Պողոսյանը հեքիաթ է համարում քաղաքապետարանի  պաշտոնյաների այն խոսքերը, թե կլինի ճկուն գնային համակարգ: Բանախոսը վստահ է՝ կլինի սոցիալական պայթյուն, երբ միկրոավտոբուսների մոտ 2500 վարորդ կմնա անգործ, եւ տրանսպորտի ուղեվարձն էլ կբարձրանա:

Խոսելով գնաճի մասին՝ Սպառողների միության նախագահն ասաց, որ մեր երկրում տնտեսական քաղաքականություն  չի իրականացվում. «Վարում են կարկատանային քաղաքականություն: Տրամաբանություն չկա»:

Մեր դիտարկմանը, թե պետք է հանրային բունտ սկսել ընդդեմ գնաճի, Պողոսյանը ասաց՝ համամիտ է, բայց հանրությունը կարծես դրան պատրաստ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան