տուն Քաղաքական Հայաստան 25 միլիոն դրամ՝ Տավուշին․ հակառակորդի կողմից հասցված վնասը կվերականգնվի

25 միլիոն դրամ՝ Տավուշին․ հակառակորդի կողմից հասցված վնասը կվերականգնվի

141
0

Կառավարությունն այսօր հաստատեց Տավուշի սահմանամերձ համայնքների կրած վնասները վերացնելու և վերակառուցման աշխատանքները սկսելու համար հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը:

«Շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, և առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ տրամադրել Տավուշի մարզպետարանին և գույքագրման ու գույքագնման աշխատանքային խմբի վեր հանած արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել արագ վերականգնել հասցված վնասը: Առաջարկում եմ գումարի մի մասը փոխանցել շուտափույթ վերականգնման աշխատանքերը սկսելու համար»: Այս մասին կառավարության նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը ներկայացրեց, որ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող լարված դրությունը, անհրաժեշտություն է առաջացել ընդունել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին կառավարության նախագիծը:

Վարչապետն էլ արձանագրեց, որ սահմանապահ գյուղերից ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանամերձ գյուղերից է սկսվում Հայաստանի Հանրապետությունը: