Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
1996թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրության էր ենթարկել «Երևան Ինվեստ» պետական ձեռնարկության գործունեությունը, որի արդյունքում պարզվել էր, որ ձեռնարկության մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն էին իրականացրել: Դրա հետևանքով պետությանը և կազմակերպություններին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:
2004 թ. օգոստոսին Ա. Օրդյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է գործող ՀՀ քրեական օրենսգրքին, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թ. օգոստոսի 4-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2017 թ. մարտի 16-ին Ա. Օրդյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն, որից հետո նախաքննություն իրականացնող մարմնի որոշմամբ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործով վարույթը կարճվել և դադարեցվել հետախուզումը:
Չնայած այդ հանգամանքնին՝ նկատի ունենալով, որ Ա.Օրդյանի անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 20.400.000 ՀՀ դրամի չափով վնաս, 2017 թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է հարուցվել դատարան:
Արդյունքում 2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է, և արդեն իսկ ԴԱՀԿ-ի կողմից իրականացվում է կատարողական վարույթ: