տուն Լուրեր 2019-ին ինտերնետի բովանդակության 80 %-ը կզբաղեցնեն տեսանյութերը. Սեդա Գրիգորյան

2019-ին ինտերնետի բովանդակության 80 %-ը կզբաղեցնեն տեսանյութերը. Սեդա Գրիգորյան

175
0

սեդա

«Թվապատում» միջազգային կոնֆերանսի շրջանակներում «Սիվիլնեթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Սեդա Գրիգորյանը խոսեց լսարանի և մեդիայի փոխկապակցվածության մասին: Իր ելույթում նա հատկապես ընդգծեց այն միտքը, որ աշխարհը գնում է դեպի տեսանյութ: Այն նաև մեծացնում է լսարանը և թույլ է տալիս խոսքային ու տեքստային նյութերը ավելի մեծ լսարանի մատուցել:

«Որոշ հետազոտությունների համաձայն՝ 2019-ին ինտերնետի բովանդակության 80 %-ը կզբաղեցնեն տեսանյութերը: Այս թվերը թերևս աշխարհի մասին են, Հայաստանում թվերն ավելի համեստ են, այստեղ զարգացում ավելի քիչ է  նկատվում: Ի դեռևս 2-3 տարի առաջ ինտերնետ հեռուստատեսության դաշտը բաց էր, մինչդեռ այսօր արդեն իսկ կան որոշ լրատվամիջոցներ, որոնք բավականին ակտիվ են աշխատում»,-նկատեց բանախոսը:

Հեռուստաընկերության օրինակով Գրիգորյանը շեշտեց, որ լսարանին ամենագրավող գործիքներից մեկը ուղիղ եթերն է:  Այսպես, հեռուստաընկերությունը սկսեց ուղիղ եթերով աշխատել 2012 թվականից Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ, երբ ուղիղ եթերով լուսաբանվում էր ակտիվիստների գործունեությունը:

Ըստ բանախոսի՝ ուղիղ եթերը հանրության մեջ մշակույթի փոփոխության հանգեցրեց՝պայքարող մարդիկ հասկացան, որ իրենց համար էլ կա գործիք, որն ունակ է իրենց հաղորդագրություները հասցնել հանրությանը, միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց՝ կարևոր է այս գործիքն օգտագործել այնպես, որ այն չդառնա գործիք լսարանի ձեռքին:

Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

 

Վարդուհի Ստեփանյան