ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթացող 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3,2 տոկոս տնտեսական աճ, սակայն փաստացի արձանագրվել է 7,5 տոկոս:
Ֆինանսների նախարարը նշեց, որ 2017-ին Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վրա դրական ազդեցություն են թողել պղնձի համաշխարհային գների դինամիկան, որը որոշակիորեն աճել է 2016-ից հետո, նավթի համաշխարհային գների դրական դինամիկան, մասնավոր տրանսֆերտների աճը, առևտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ, որի տեսակարար կշիռը 30 տոկոս է կազմում, և ուղղակի ներդրումները ՌԴ-ից:
Ջանջուղազյանի խոսքով՝ մասնավոր տրանսֆերտները Ռուսաստանից 2017-ին աճել են 18 տոկոսով, ինչը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա: