ՀՀ Կառավարությունը հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմում են 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 360 մլրդ, պակասուրդը՝ 150,1 մլրդ դրամ, որը կազմելու է ՀՆԱ-ի 2,8 տոկոսը: Նախատեսվում է նաև ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
Բնականաբար, 2016 թ. բյուջեի կատարողականի ամբողջական տվյալները հայտնի կլինեն եկող տարի, որպեսզի կարողանայինք համեմատություն կատարել գալիք տարվա բյուջեի նախագծի և այս տարվա փաստացի տվյալների հետ: Միաժամանակ գաղտնիք չէ, որ ընթացիկ տարվա բյուջեի տվյալները եկամտային և ծախսային մասերով զգալի փոփոխություններ կունենան նախատեսվածի համեմատ: Այնուամենայնիվ, առայժմ կարող ենք համեմատությունը կատարել այս տարվա հաստատված պետական բյուջեի ցուցանիշների հետ, որպեսզի խոշորացված կարգով համեմատենք, թե որտեղ են ավելանալու կամ նվազելու գալիք տարվա եկամուտները և ծախսերը:
Հիշեցնենք, որ 2016-ին հաստատված պետական բյուջեով եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 186 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 377 մլրդ դրամ: Այսինքն` 2016-ի հաստատված պետական բյուջեի նկատմամբ գալիք տարվա բյուջեի եկամուտները աճելու են 24 մլրդ դրամով, իսկ ծախսերը նվազելու են 17 մլրդ դրամով: Նախատեսված է, որ մոտ 41 մլրդ դրամով նվազելու է նաև պակասուրդը. հիշեցնենք, որ այն 2016-ին նախատեսված էր 190,7 մլրդ դրամ:
2017-ի բյուջեի նախագծում եկամուտների աճը նախատեսված է հիմնականում հարկային եկամուտների և պետական տուրքի ավելացման հաշվին՝ մոտ 6 մլրդ դրամով, որը կազմելու է 1 տրիլիոն 135 մլրդ դրամ, ինչպես նաև «այլ եկամուտների» ավելացման հաշվին՝ մոտ 18 մլրդ դրամով, որը կկազմի՝ 44,1 մլրդ դրամ: Պաշտոնական դրամաշնորհների գծով եկամուտների աճ չի նախատեսվում, և այն կկազմի մոտ 31 մլրդ դրամ:
Ինչ վերաբերում է ծախսային մասին, թեև ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերը ավելացել են 15 մլրդ դրամով, կազմելով 276,5 մլրդ դրամ, սակայն այստեղ 8 մլրդ դրամով նախատեսվում է նվազեցնել օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման մարմինների ծախսերը, որը կկազմի 78,8 միլիարդ դրամ: Այս բաժնում, սակայն, 20 միլիարդ դրամով ավելանում է պետական պարտքի գծով գործառնությունների վրա կատարվող ծախսերը, որ մյուս տարի կազմելու է 119,2 մլրդ դրամ:
Ծախսերի առումով նվազող ոլորտներից են՝ նաև տնտեսական հարաբերությունների ոլորտը, որին հատկացումները նվազելու են 22 մլրդ դրամով` կազմելով 92,8 մլրդ դրամ: Կառավարությունը կրկնակի՝ մոտ 13,3 մլրդ դրամով, նախատեսում է կրճատել նաև բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսերը, որը կկազմի 13,5 մլրդ դրամ: Կրճատվելու է նաև կրթության ոլորտի ծախսերը՝ 3,4 մլրդ դրամով, որը գալիք տարի կկազմի 128,7 մլրդ դրամ:
Պաշտպանության ոլորտի և հասարակական կարգի (նախատեսված է 209,7 մլրդ դրամ), անվտանգության և դատական գործունեության ոլորտների ծախսերը (նախատեսված է 101,7 մլրդ դրամ) գրեթե մնալու են նույն մակարդակին` նախորդ տարվա բյուջեի համեմատությամբ: Նույն մակարդակին են մնալու նաև առողջապահությանը հատկացվող ծախսերը՝ 85,6 մլրդ դրամ, ինչպես նաև հանգստին, մշակույթին և կրոնին հատկացվող ծախսերը՝ 26 մլրդ դրամ:
Ավելանալու են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը 3,5 մլրդ դրամով, որը կկազմի 8 մլրդ դրամ: Եվ մեր բյուջեի ամենամեծ ծախսային հատվածը՝ սոցիալական պաշտպանության հատկացումները, աճելու են 3 մլրդ դրամով, որը կազմելու է 408,8 մլրդ դրամ:
Եվ այսպես, ըստ գալիք` 2017 թ. բյուջեի նախագծի՝ ծախսերի 47,7%-ը ուղղված կլինի սոցիալ-մշակութային ճյուղերին, 21,2%-ը պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, քրեակատարողական և արտակարգ իրավիճակների համակարգերին, 8,4%-ը` տնտեսությանը, 8,8%-ը` պետական պարտքի սպասարկմանը, իսկ 3,6%-ը` տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությանը, ֆինանսական համահարթեցման դոտացիաների և այլ դոտացիաների տեսքով:
Ամփոփելով` կարող ենք ասել, որ գալիք տարվա, այսպես կոչված, «կոշտ» բյուջեի նախագծում ամենաշատը տուժելու են տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտները, որոնց գումարային հատկացումները նախատեսվում է կրճատել 35,3 մլրդ դրամով: Շահելու է հիմնականում շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ