Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնյաները գաղտնի հետաքրքրվել են, թե արդյոք Լոնդոնը կարող է ընդունել 2016 թվականի Օլիմպիադան։ Հաղորդում է Evening Standard-ը։
Ոչ պաշտոնական հարցման նպատակն է եղել ճշտել՝ արդյոք կա հավանականություն 2012 թվականի Օլիմպիական խաղերի մարզական կառույցներն առաջիկա երկու տարում պատրաստվածության աստիճանի բերել։ Այս քայլի պատճառն այն է, որ կազմակերպիչները խուճապի մեջ են. նրանք մտավախություն ունեն, որ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային Օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները չեն ավարտվի մինչև սահմանված ժամկետը։
ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Քոութսն ավելի վաղ Բրազիլիայում Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն անվանել էր վատագույնը, որ ինքը երբևէ տեսել էր։ Նա ընդգծել էր, որ մի շարք կառույցների շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել, իսկ որոշ ենթակառուցվածքների գործարկման ժամկետներն անընդհատ հետաձգվում են։
Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի լոնդոնյան կազմկոմիտեի նախկին աշխատակից Ուիլ Գլենդինինգը հայտարարել է, որ Լոնդոնը կհասցնի նախապատրաստվել 2016 թվականի Օլիմպիադային։
Հավելենք, որ Լոնդոնից բացի քննարկվում է շոտլանդական Գլազգոյի տարբերակը։