Խորհրդարանում քննարկվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հարակից զեկույցում ներկայացրեց ԿԲ եզրակացությունը:
«Արտաքին աշխարհից եկող ոչ բարենպաստ տնտեսական զարգացումների պայմաններում տարվա արդյունքում տնտեսական աճը կազմեց 3 տոկոս, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ընթացքում արձանագրված ցուցանիշից»,- հայտարարեց ԿԲ նախագահը:
2015թ. տնտեսական զարգացումներն ընդհանուր առմամբ պայմանավորված են վերջին 5 տարիների ընթացքում տեղական եւ օտարերկրյա ներդումների կրճատմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանից եկող տրանսֆերտների փոխանցման կրճատմամբ:
«Նման միջավայրում դիտվել է մասնավոր սպառման եւ մասնավոր ներդրումների նվազում՝ համապատասխանաբար՝ 7.9 եւ 8.9 տոկոս»,- ընդգծեց ԿԲ նախագահը և հավելեց, որ 2015թ. տնտեսական աճը ձևավորվել է հիմնականում գյուղատնտեսության եւ արդյունաբերության հաշվին: