Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփելով տարին, նախ նշեց, որ տարին, ընդհանուր առմամբ, եղել է հագեցած:
Կարեն Բեքարյանը նշեց, որ ինտեգրացիոն գործընթացների ներքո պետք է առանձնացնել երկու ուղղություններ՝ փորձելով հասկանալ՝ որում ի՞նչ ունեցանք և ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ. «ԵՏՄ անդամակցության գործընթացի փաստացի վավերացումն այլևս իրողություն է: Համաձայն պայմագրի՝ հունվարի 2-ից Հայաստանը կհամարվի ԵՏՄ լիիրավ անդամ»:
Ինտեգրացիոն գործընթացներից հաջորդ ուղղությունը Եվրոպական միությունն է. «Այստեղ ևս որոշակի առաջընթաց ապահովող էլեմենտներ կան: Վերջին երկու ամիսներին մենք ականատես եղանք, որ կա հստակ բանակցային, ձևաչափային գործընթաց Հայաստանի հետ՝ կապված իրավապայմանագրային դաշտի հստակեցման հետ, և այստեղ, կարծես թե, գործում է այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք դեռևս վիլնյուսյան գագաթնաժողովից անմիջապես հետո, այսինքն՝չի կարելի մի կողմ դնել Եվրամիության կողմից արձանագրված փաստը, որ ՀՀ-ն հաջողությամբ ավարտել էր Ասոցացման համաձայնագրի բանակցությունները»:
Կարեն Բեքարյանն ավելացրեց, որ 2015թ-ի գարնանը կունենանք Հայաստան-ԵՄ նոր իրավապայմագրային ձևաչափ, որի անվանումը պայմանականորեն կարող է կոչվել «Ասոցացում մինուս» կամ «Հայաստան–ԵՄ ռազմավարական գործընկերության համաձայնագիր»:
«Եվրոպական ինտեգրացիայի» ՀԿ-ի նախագահը, եզրափակելով խոսքը, նշեց նաև, որ Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը կամ հակամարտությունը երկար շարունակվելու դեպքում չի կարող վնասակար չլինել Հայաստանի համար, որն իր արտաքին քաղաքական ուղեգիծը փորձում է կառուցել ուժային կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համալրման վրա: