Չնայած 2014-ը ծանր տնտեսական տարի էր համաշխարհային տնտեսության համար, բայց Հայաստանին 2014թ. հաջողվել է գրանցել որոշակի տնտեսական աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տնտեսական տարին ամփոփելով, հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ հանրապետությունում նախորդ տարի տնտեսական աճը կազմել է 103,9 տոկոսˋ նախորդ տարվա 105, 2 տոկոսի համեմատ:
«Նախորդ տարի առաջանցիկ զարգացում ապահովող ոլորտներից առաջինը եղել է գյուղատնտեսությունը, որն ամենաարագ աճող ճյուղն է: Նախորդ տարի դրա աճը կազմել է 107, 2 տոկոս: Անկում ապրած ոլորտներից է շինարարությունը, որի անկումը արձանագրվել է դեռևս 2009-ից»,- նշեց տնտեսագետը:
Վերջին ներկայացրեց նաև այլ վիճակագարական տվյալներ, մասնավորապես 2014-ին միջին աշխատավարձը բարձրացել է 107,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը 5 մլրդ 920 մլն դոլար է կազմել, ընդ որումˋ միայն արտահանումը կազմել է 1 մլրդ 520 մլն, իսկ ներմուծումը 4 մլրդ 400 մլն դոլար:
«Նախորդ տարի գրանցվել է ԱՊՀ տարաշածրջանի հետ 365 մլն դոլարի առևտուր, ԵՄ-ի հետˋ 437 մլն: Այս ցուցանիշներից ելնելով կարելի է եզրակացնել, որ մենք արտահանման խթանման քաղաքականության մեջ զարգացում ունենք»,-նշեց բանախոսը:
Վերջինս նկատեց, որ գների ինդեքսի հետ կապված տեղի են ունեցել հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցելˋ սպառողական գները աճել են 103,0 տոկոսով, գնաճը կազմել է 3 տոկոս, գյուղատնտեսական ապարանքների գնաճըˋ 105, 3 տոկոս: «2015-ին մենք ավելի վատ ենք ապրելու, քան 2014-ին, որովհետև տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները և հատկապես ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները արտահայտվելու են նաև մեր տնտեսության վրա»,-եզրափակեց տնտեսագետը:
Վարդուհի Ստեփանյան