Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կանխատեսումներ արեց նաև 2015 թվականին համաշխարհային տնտեսության իրավիճակի մասին: Տնտեսագետի կարծիքով համաշխարհային տնտեսության համար այս տարին ծանր է լինելու և լեցուն մի շարք մարտահրավերներով:
«Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայնˋ այս տարի համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,5 տոկոս, եվրոյի գոտում կնկատվեն որոշակի զարգացումներ, բայց մեծ փոփոխություն տեղի չի ունենա: Եվրոն կաճի մոտ 1,2 տոկոսով»,-նշեց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է խոշոր երկրներին, ապա տնտեսագետը նշեց, որ ԱՄՆ-ի տնտեսական կիրավիճակն այս տարի կմնա նույնը, իսկ Չինաստանի տնտեսության համար նկատվում է որոշակի անկում։
«Հիմա Չինաստանը 6 տոկոսից քիչ ավել տնտեսական աճ ունի: Սա վատ ցուցանիշ չէ, բայց Չինաստանի համար բավարար չէ: Չինաստանի համար 7 տոկոսից քիչ աճը վատ է, որովհետև Չինաստանի տնտեսությունն այնքան է աճել, որ այլևս գնալու տեղ չունի»,-եզրափակեց տնտեսագետը:
Վարդուհի Ստեփանյան