Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է 2014թ-ի սպառողական գների ինդեքսը․
«Սպառողական գների ինդեքսը 2014թ-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական ինդեքսը կազմել է 101․3 տոկոս, այսինքն՝ արձանագրվել է 1․3 տոկոս գնաճ։ Ի տարբերություն նախորդ տարվա վերջին երեք ամիսների՝ այս տարի ավելի բարձր գնաճ է արձանագրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Ինչպես ներկայացրեց Գուրգեն Մարտիրոսյանը, ոչ պարենային ապրանքների գները աճել են 0․9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է գնանկում՝ 0․2 տոկոսով։
Նրա խոսքով՝ դիտարկված 13 պարենային ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է գնաճ, 4-ում գների նվազում է արձանագրվել, իսկ մեկ ապրանքային խմբում գները մնացել են անփոփոխ։
«Ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 22․7 տոկոս, մրգի գները աճել են 0․9 տոկոսով»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանն ու նկատեց, որ թանկացումները պայմանավորված են սեզոնայնությամբ։
Կաթնամթերքի և հացամթերքի խմբերում ևս գնաճ եղել է համապատասխանաբար 2․3 և 0․5 տոկոսներով։
Մսամթերքի և ձկնամթերքի խմբերում, ինչպես նշեց մասնագետը, նկատվել է գնանկում։