2014թ. Հայաստանում դաունի համախտանիշ ունեցող 22 երեխա ընդունվել է մանկատուն,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
«Մանկատուն ընդունված երեխաների թիվը բավական մեծ է: Բարեբախտաբար, մենք հասել ենք այն մակարդակին, որ ծնողները ֆիզիկական արատ ունեցող երեխաներին արդեն չեն հանձնում պետության խնամքին: Կան հատուկ մասնագիտացված ուսումնական հաստատություններ, որտեղ երեխաները կարող են ուսում ստանալ, սակայն նման դեպքերում ընտանիքի հետ կապը ամուր է: Մեր մանկատներում հիմնականում խնամք են ստանում ֆիզիկական կամ զուգակցված արատներով երեխաներ կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ»,- ասաց բանախոսը:
Լենա Հայրապետյանի վկայությամբ` 2014թ. մանկատներ են ընդունվել ընդհանուր առմամբ 140 երեխա: Մասնագիտացված մանկատուն է ընդունվել 86 երեխա, իսկ ընդհանուր տիպի` 54 երեխա: Նորքի «Մանկան տուն» ընդունվել է 50 երեխա, 40-ը` առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող: Նախորդ տարվա ընթացքում մանկատնից դուրս է գրվել 145 երեխա: