2013 թվականը մոտենում է ավարտին և AraratNews.am-ը կներկայացնի այս տարվա ընթացքում տեղի ունեցած հրաժարականները, որոնք երկար ժամանակ քննարկման առարկա էին հանդիսանում: 2013 թվականի ընթացքում արձանագրված հրաժարականներից ամենաաղմկահարույցը կարելի է համարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:
Սուրիկ Խաչատրյանը կառավարությանը հրաժարականի դիմում ներկայացրեց 2013 թվականի հունիսի 3-ին: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի արդյունքում սպանվեց Արտակ Բուդաղյանը, իսկ երկու հոգի ծանր վիրավորվեցին: Սպանության գործով ձերբակալվեցին Սուրիկ Խաչատրյանի որդին և վարորդը:
Փետրվարի 22-ին, ՀՀ նախագահական ընտրություններից երեք օր հետո, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում էր ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Աշոտ Գիզիրյանի հրաժարականը ևս երկար քննարկաման էր արժանացել, քանի որ իր հրաժարականը կապված էր նախագահական ընտրություններում՝ Սերժ Սարգսյանի օգտին հավաքած քիչ ձայների հետ։ Վերջինս այս մարզում ավելի քիչ ձայն էր ստացել, քան նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հաջորդ ամենաքննարկվող հրաժարականը, դա Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի հրաժարականն էր, որը նա կառավարությանն էր ներկայացրել սույն թվականի հոկտեմբերի 7-ին: Կառավարությունը այն հաստատեց հոկտեմբերի 10-ին: Էդիկ Բարսեղյանի հրաժարականը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կապված է եղել մարզին պետության կողմից հատկացված դիզվառելիքի մսխման հետ: Դիվառելիքը տրամադրվել էր՝ որպես օգնություն գյուղացիներին, իսկ մարզպետարանը դրա գերակշիռ մասը տրամադրել էր Հովիկ Աբրահամյանի եղբորն ու եղբորորդուն:
Մարզաշխարհի համար ակտիվ քննարկման թեմա դարձավ ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը, որը նա ներկայացրեց Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո: Ֆուտբոլասերները կարծում էին, որ Մինասյանի հրաժարականը կապված է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած խնդիրների հետ: ՀՖՖ-ն չընդունեց Մինասյանի հրաժարականի այս դիմումը:
Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Այս հրաժարականը քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկումների տեղիք տվեց և, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, այս հրաժարականը կապված է եղել ներկուսակցական խմորումների հետ: