Գործադիրն իր այսօրվա նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:
«Սա սպասված որոշում էր», — ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:
Կառավարության նիստից հետո ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ «99 տոկոսով լուծումները» կգտնեն՝ կապված մաս մաս վաճառված բայց հաշվառումից չհանված, տարիներով չօգտագործված, սեփականատիրոջ ու վաճառքի համար տրված լիցենզիաների հետ կապված խնդիրներ ունեցող ավտոմքենաների՝ չապահովագրման պատճառով տուգանքների հետ: «Բավականին մեծ թիվ էին կազմում, հազարներ, նունիսկ տասնյակ հազարներ այն մեքենաները, որոնք անցած տարիների ընթացքում կամ չէին շահագործվել, կամ փոխանցվել էին մեկ անձից մյուսին՝ ժողովրդական լեզվով ասած «գենեռալնի դավերնստով», նույնիսկ առուվաճառքի պայմանագիր էր կնքվել, բայց գրանցումները չէին կատարվել»,- ասաց Հ Թովմասյանը: