Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը խոսեց հասարակական կազմակերպությունների կարևորության մասին և նշեց. «Յուրաքանչյուր անգամ խոսելով քաղաքացիական հասարակության մասին` մենք ուշադրություն ենք դարձնում դրա ձևավորմանը: Ես ինքս երկար տարիներ հասարակական կազմակերպություն եմ ղեկավարել և այժմ իմ պառլամենտական գործունեության ընթացքում չեմ կարող չհամագործակցել նրանց հետ: Գնահատականս այսպիսին է` մենք տարեցտարի տեսնում ենք հասարակական կազմակերպությունների աճ և տարեցտարի ստանում ենք դրանց պտուղները»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Ասուլիսի մյուս բանախոս «Օքսվամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանն էլ իր խոսքում նշեց. «Հայաստանում կան շուրջ 3000 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է սկսեն ներազդել հանրային-քաղաքական գործընթացների վրա: Մենք պետք է որակյալ ու բովանդակալից մասնակցություն ապահովենք հանրային պրոցեսներին: Ես կարծում եմ, որ դա է քաղաքացիական հասարակության դերը: Վերջին տարիներին կարելի է նշել, որ մենք ունենք ավելի ակտիվ, ավելի հասուն ու կայացած քաղաքացիական հասարակություն: Այդ 3000-ից միայն մի քանիսն են, որ բացի ծառայություններ մատուցելուց կարողանում են որոշակի ազդեցություն ապահովել»:
Արմեն Մկրտչյան