2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո անցել է վեց տարի: Ուկրաինական հեղափոխության ֆոնին հաճախ հնչեց մի միտք, թե «մարտի մեկի բացահայտումը կարող էր կանխել նաև Մայդանի սպանությունները»: Ես կասեմ, որ պարտակելով 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, մենք պարարտ հող նախապատրաստեցինք ապրիլի 12-ների ու մարտի 1-երի, գուցե նաև Մայդանում կատարված սպանությունների համար: 2008 թ. մարտի 1-ին իր իշխանությունը պահելու համար ընտրություններ կեղծած ու «հաղթած» թիմը սպանեց 10 անմեղ մարդու, որոնցից 8-ը ցուցարարներ էին, 2-ը՝ ոստիկան: 2008-ի այդ չարաբաստիկ օրվան հաջորդեցին արտակարգ դրության 20 երկարուձիգ օրերը, երբ փողոցում երկու և ավելի հոգով կանգնելն արդեն իսկ հանցագործություն էր, երբ ազատ մամուլի մասին մտածելն անգամ արդեն իսկ վտանգավոր էր: Թվում էր, թե Մարտի 1-ը իշխանությունների ուժի ցուցադրման ամենամեծ դեպքն էր: Իրականում հակառակն է, քանի որ սեփական ժողովրդին, քո հրամանը կատարող ոստիկանին սպանելը ոչ թե ուժի, այլ տկարության ու անզորության նշան է: Ի դեպ, մարտի 1-ին սպանված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի բաճկոնըˋ որը կարևորագույն իրեղեն ապացույց էր, քննչական մարմնի մոտից «անհետացավ», այդ նույն «բախտին» արժանացան բազմաթիվ այլ խոսուն ապացույցներ, որոնք կբացահայտեին իշխանությունների արյունոտ ձեռքերը:
2008-ին հրապարակում կանգնած ժողովուրդը հաղթել է: Հաղթել է, որովհետև խելագար ջղաձգումների մեջ է գցել աթոռը թողնող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հաղթել է, որովհետև սպանվել, ձերբակալվել ու չի նահանջել:
Գուցե ժամանակն է, որ ժողովուրդը ստիպի իրեն շուտով կտրուկ փոփոխություններ խոստացող ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ուժերին հրապարակայնորեն խոստանալˋ իշխանություն ունեցած տարիներին պատժել մարտիմեկյան ոճրագործության բոլոր պատասխանատուներին։ Առանց Մարտի 1-ի ու մյուս նման սպանությունների բացահայտման ու խիստ դատապարտման սայլը տեղից չի շարժվելու:
Հ.Գ. Այսօր մարտի 1-ն է, գարնան առաջին օրը:
Արմեն Մկրտչյան