Հայաստանի կողմից բանակցություններին մասնակցել են Դավիթ Շահնազարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է Սամվել Բաբայանը, իսկ Ադրբեջանը` Մամեդրաֆի Մամեդովը:
Եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994-ի մայիսին հայկական ուժերը ընդամենը օրերի ընթացքում կգրավեին ադրբեջանական մի շարք շրջաններ, և, հավանական է, որ դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։
Ներկայացնում ենք հատվածներ Թաթուլ Հակոբյանի` Սիվիլնեթում տպագրված «Մայիս, 1994. ինչպես ռուսները պարտադրեցին զինադադար Արցախում» հոդվածից
…
Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա հրավիրեց իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդրաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Հենց այդ արձանագրության հիմքով հնարավոր եղավ հասնել մայիսյան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը, ընդունվեց կրակը դադարեցնելու հայտարարություն:
Մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում՝ ընդդեմ Գերմանիայի:
Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը, Ղրղզստանը (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով, որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարեց Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիևը մերժում էր, Կազիմիրովը Բիշքեկից շտապեց Բաքու:
Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորեց ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:
Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատվում:
…
Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում