Ամառային քաղաքական հարաբերական անդորրի ընթացքում մշտապես շեշտվող թեժ աշնան սպասելիքները ի դերև ելան Սերժ Սարգսյանի մեկ հայտարարությամբ: Պարզվեց, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին թեժության փոխարեն սպասվում է ռուսական ցրտաշունչ սառնությունը: Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ ուղենշվեց մեր քաղաքական առօրյայի հիմնական հետագիծը: Հանուն արդարության պետք է շեշտենք, որ մինչ օրս որևէ պատկան օղակի կողմից հոդբաշխ պարզաբանում չի տրվել այն մասին, թե Հայաստանի Հանրապետություն ու Հայաստանի քաղաքացիները ինչ օգուտներ և վնասներ են ունենալու այս կամ այն դաշինքին միանալով, որոնք են Մաքսային միությանը կամ Ասոցացման համաձայանգրին միանալու դրական և բացասական կողմերը: Նման պայմաններում գրեթե զավեշալի են դառնում Սերժ Սարգսյանի հայտարարությունները Հայաստանի ցանկությունների մասին: Մեծ վերլուծական կարողություններ չեն պահանջվում հասկանալու համար, որ որևէ պետական սուբյեկտ չի կարող հստակ ցանկություններ ունենալ այս կամ այն խմբավորմանը միանալու հարցում, եթե հստակ պատկերացումներ չկան դրանցից որևիցե մեկի մասին: Սակայն այս ամեն զուգահեռ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը ի ցույց դրեց մեկ այլ իրողություն, որն իր մեջ շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում քան հայաստանյան քաղաքական, սոցիալական, իրավական ու հանրային կյանքում տիրող ապօրինություններն ու վայրիվերումները: Միայն այն, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը անակնկալ էր ոչ միայն ամբողջ հայաստանյան հասարակության, այլև այսպես կոչված իշխանական վերնախավին տարբեր շրջանակների համար, ի ցույց դրեց մեր իշխանությունների սնանկությունը: Շուրջ մեկուկես տասնամյակ հայաստանյան հասարակության և իշխանությունների միջև առաջացած անջրպետը հաստատուն կերպով ընդլայնվում է: Իշխանությանն ղեկին հայտնված խմբավորումը վերածվել է ինքնաբավ խավի, որն ապրում իր նեղ իրականության մեջ, որը բացարձակ որևէ կապ չունի երկրում առկա խնդիրների, անցուդարձերի և իրողությունների հետ: Տպավորություն է ստեղծվում, որ առկա վարչակարգը հստակ մտածված ծրագրով հայաստանյան հասարակության մի ստվար հատվածին պարտադրել է հանապազօրյա հացի խնդիր` ստիպելով քաղաքացուն դառնալ անտարբեր `երկրում կատարվող քաղաքական անցքերի, առավել ևս արտաքին քաղաքականության իրադարձությունների նկատմամբ: Զարմանալի չէ, որ ստեղծված իրադրությունում Սերժ Սարգսյանը հանդես է գալիս Հայաստանի անունից և խոսում Հայաստանի ցանկությունների մասին: Սակայն կասկածելի ընտրությունների արդյունքներով և լեգիտիմության մեծ պակասորդով նախագահի համար , անգամ հասարակության առկա քաղաքական ապատիայի պայմաններում , հետզհետե առավել դժվար է դառնալու խուսանավել և արտաքին քաղաքականության ասպարեզում, և իշխանական վերնախավի կուլիսներում: Արդյունքում եթե ոչ թեժ քաղաքական աշունը, ապա ցրտաշունչ ձմեռը ՀՀ վարչակարգի համար գրեթե երաշխավորված է:
Աղասի Մարգարյան