ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանի և Մաքսային միություն մտած Հայաստանի միջև ապրանքաշրջանառության հետ կապված որոշ դժվարություններ կարող են առաջանալ, քանի որ այդ երկու գոտիների կանոնների միջև հակասություններ կարող են լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նրա խոսքով` այդ խնդիրները, սակայն, լուրջ բացասական տնտեսական հետևանքներ չեն կարող ունենալ և կարող են հարթվել երկկողմ ջանքերի շնորհիվ:
Ինչ վերաբերում է Թուքրայի ու Ադրբեջանի հետ Վրաստանի համագործակցությանն ու այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ապա, ըստ վրացագետի, այստեղ ոչ մի նոր ու արտառոց բան չկա: Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի թիվ մեկ և թիվ երկրորդ (համապատասխանաբար) առևտրային գործընկերներն են, նրանց հարաբերությունները շատ բարձր մակրադակի բերվեցին Սաակաշվիլու իշխանության տարիներից սկսած` հատկապես տնտեսական և էներգետիկ հարթությունում և այժմ էլ շարունակվում են նույն մակարդակով: