Հետհայացք
ԽՍՀՄ գոյության 70 տարիների ընթացքում կոմունիստական վարչահրամայական ամբողջատիրական համակարգը ստեղծեց քաղաքական հալածանքների ու բռնությունների չափազանց գործուն ու հակահումանիստական մեխանիզմ, որի կարևոր բաղադրիչներից մեկը դարձավ քաղաքական նպատակների համար հոգեբանության և հոգեբուժության չարաշահումը:
Խորհրդային միությունում առաջին ագամ հոգեբուժությունը որպես քաղաքական հալածանքի գործիք կիրառվեց 1921 թվականին`ձախ էսէռների լիդեր Մարիա Սպիրիդոնովային նկատմամբ, որը Ձերժինսկու հրամանով փակվեց հոգեբուժարանում: 1930-50-ականն թվականներին քաղաքական բռնությունների նպատակով հոգեբանության չարաշահումները առավելապես մասնավոր բնույթ էին կրում:
Սակայն արդեն 1960-ականներին հոգեբանությունն ու հոգեբուժությունը դարձան քաղաքական ռեպրեսիաների կարևորագույն գործիքները, որոնք հիմնականում կիրառվում էին այլախոհների նկատմամաբ: Նման «ախտորոշմամբ» հոգեբուժարաններում փաստացի փակվեցին խորհրդային հայտնի այլախոհներ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը` Սերգեյ Եսենինի որդին, գրող Վլադիմիր Բուկովսկին, Միխայիլ Նարիցան, Վիկտոր Ֆայնբերգը, Ժորես Մեդվեդևը և բազմաթիվ ուրիշ շատ հայտնի գործիչներ ու արվեստագետներ:
Հետաքրքիր է նշել, որ և հոգեբուժարաններում փակված և ձերբակալված այլախոհների ճնշող մեծամասնությունը մեղադրվում էր ՌԽՍՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին,2-րդ և 3-րդ կետերով, որոնք մասնավորապես նշում էին`
190.1 խորհրդային հասարակական-պետական կարգը արատավորող , մտացածին լուրերի տարածում
190.2 Պետական հիմնի ու դրոշի անվանարկում
190.3 կարգը խախտող խմբակային գործողությունների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն:
Այս ձևակերպումներից արդեն իսկ պարզ է դառնում, որ օրենսգրքի նշված հոդվածները հնարավորություն էին տալիս ցանկացած ակցիայի մասնակցի ձերբակալել և, իհարկե, պատճառաբանել նրա գործողությունները ամենատարածված «ախտորոշումներից» մեկով` «դանդաղընթաց շիզոֆրենիա»
Ներկայումս
Վերադառնալով հայաստանյան իրականություն մենք ակնհայտ կերպով կտեսնենք, որ մոտավորապես նույնատիպ սցենար է փորձ արվում կիրառվել Շանթ Հարությունյանի նկատմամբ: Շանթ Հարությունյանի գործողությունների աննախադեպությունը ինքնին բավական լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց հայաստանյան իշխանություններին և նրանց գործիք իրավապահ համակարգին:
Չնայած այն փաստին, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ առաջադրվել է հիմնականում ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն հոդվածը, այնուամենայնիվ, և իշխանությանը, և հանրությանը լիովին պարզ է, որ Շանթի քայլը շատ ավելի խոր բովանդակային իրողություն էր, որը փորձ էր անում ցույց տալ իշխանափոխության մեկ այլ, առավել կոշտ ճանապարհ, որի վրա մինչ օրս տաբու էր դրված: Նմանօրինակ մտայնության ծնունդը հայաստանյան հասարակության ներսում անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ ներկայիս վարչակարգի համար, որին կարծես բավական լավ հայտնի են ընդդիմադիր ուժերի գործողությունների բոլոր նրբությունները, որոնք էլ հնարավորություն են ընձեռում առկա իշխանություններին մինչ օրս մնալ իշխանության ղեկի մոտ:
Ընդդիմադիր դաշտում հենց այս անկանխատեսելիությունից խուսափելու համար հայաստանյան իշխանությունները կարծես թե փորձում են Շանթ Հարությունյանին կրկին փակել հոգեբուժարանում: Իշխանության այսօրինակ ձգտումը որոշակիորեն դառնում է քաղաքական գնահատական Շանթի գործողություններին: Այսինքն՝ նման քայլով իշխանությունները պարզորոշ ցույց են տալիս, որ լիովին պատրաստ են վերադառնալու քաղաքական ցանկացած այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության սովետական, ՉԿ-իստական «լավագույն» ավանդույթներին:
Աղասի Մարգարյան