տուն Լուրեր 1915 թվականի Վանի անկման պատմական դասերը. պատմության հետքերով (լուսանկար)

1915 թվականի Վանի անկման պատմական դասերը. պատմության հետքերով (լուսանկար)

1505
0

1915 թվականի Վանի անկման պատմական դասերը… Խորհրդային պատմագրությունը ամեն կերպ թաքցնում էր այն ամենը, ինչ կապված էր 1915-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի անտրամաբանական տեղաշարժերի հետ: Ոչ մի բացատրություն չկար` այդ ինչո՞ւ հանկարծ Արևմտյան Հայաստանի (Մուշ, Սասուն, Շապին-Գարահիսար և այլ) և Կիլիկիայի հայաբնակ շրջանների 1915-ի ամռան հերոսամարտերը ցավալի պարտություն կրեցին: Ո՞ւր էր ռուսների կողմից մինչ այդ թմբկահարելով խոստացված լայնամասշտաբ ռազմական աջակցությունը ռուս-թուրքական սահմանից այն կողմ բնակվող հայերին: Հիմա մենք իհարկե արդեն գիտենք իրական պատճառների, հայերի այն ժամանակ խաբված ու լքված լինելու մասին. Ռուսաստանն 1-ին աշխարհամարտում ընդամենը հետապնդում էր իր զավթողական իմպերիալիստական ծրագրերը` բացարձակապես անտեսելով հայերի շահերն ու անվտանգությունը: Դա մի մեծ հուսախաբություն էր հայերի համար, որը սարսափելի զոհերի ու իրենց բնօրրանի արևմտյան հատվածի կորստյան անդառնալի գինն ունեցավ:

Իսկ այն, ինչ կատարվեց Վանում` դա արդեն ցավալի կորուստների այդ շարքի մեկ այլ պատմություն է: 1915-ի մայիսի սկզբներին հայկական ինքնապաշտպանական ջոկատները հերոսաբար կռվելով կարողացան ետ շպրտել Վանը պաշարած թուրքական կանոնավոր զորքերին ու քրդերին: Քաղաք մտան հայ կամավորական ջոկատներն ու ռուսական բանակի ստորաբաժանումները, և Վանում փաստացի հաստատվեց հայկական ինքավարություն` Արամ Մանուկյանի ղեկավարությամբ: Ողջ հայությունը ցնծության մեջ էր: Հունիսի սկզբներին Վան է ժամանում նաև Հովհաննես Թումանյանը և մնում այստեղ մոտ երկու շաբաթ` ծանոթանում է բնակչության հետ, այցելում Վանի կրթական հաստատություններ, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը ուղղակի հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական ոգով և այսուհետ միայն ազատ ու ինքնավար ապրելու ապագայի մեծ ծրագրերով: Իսկ ազատագրված Վանում ամեն ինչ արդեն կերպարանափոխվում էր, և վանեցիները շինարարական գործիքները ձեռքներն առած՝ վերաշինում էին պատերազմից վնասված հայրենի քաղաքը:

Բայց դա ցավոք շուտ ավարտվեց` եկավ «ճշմարտության պահը», և ռուսները շատ արագ հասկացան Վանում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունն իրենց իսկ համար, այսինքն այն, որ Վանի հայերն արդեն ուղիղ ճանապարհով փաստացի գնում են դեպի իրական անկախություն` որը կարող էր «վատ» նախադեպ հանդիսանալ Արևմտյան Հայաստանի այլ հայկական նահանգների համար: Եվ իբր մարտավարական նոր ծրագրի անվան տակ ռուսները հրաման արձակեցին` անհապաղ և չհիմնավորված ռուսական զորքի ու հայ կամավորական ջոկատների նահանջի, նույնը նաև` Վանի հայ բնակչության հարցում: Ռուսական զորքի անսպասելի ետնահանջի գույժը եկավ հուլիսի 14-ին: Բայց Վանի հայերի նահանգային ինքնավարության գլխավոր խորհուրդը միաձայն վճռեց, որ համատարած գաղթ Վանից չի լինի: Որոշվեց կանանց, ծերերին ու երեխաներին դուրս բերել քաղաքից, իսկ տղամարդիկ պետք է զինված խմբեր կազմեին՝ թուրքերի և քրդերի հարձակմանը դիմագրավելու համար:

Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Նիկոլաևին հետևյալ պաշտոնական գրությունն ուղարկեց. «Մեզ անհայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զորքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք. 1. մեզ թողնել բավական ռազմամթերք, 2. մեզ թողնել այն զենքը, որ դուք հնարավորություն չպիտի ունենաք տեղափոխելու, 3. ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարավորություն չունենաք` չփչացնեք»: Պատասխանը մխիթարիչ չէր: Բացի այն, որ ռուս գեներալը հաստատել էր Վանից հեռանալու մասին իրենց որոշումը, տեղեկացրել էր նաև, որ ռուսական զորքը վանեցիներին զենք ու պարեն տրամադրել չի կարող և նա այդ հարցում կատարում է իր գերագույն հրամանատարության հրամանը: Արամն ու Վանի պաշտպանության ղեկավար կազմը այս լուրից հետո փոխեցին մտադրությունը, և վերջնականապես որոշվեց կազմակերպել Վանի ողջ հայության գաղթը:

Անդրանիկ Օզանյանը Վանից ռուսական զորքի ետնահանջի այդ անհասկանալի և ռազմական իրադրությամբ չհիմնավորված հրամանը համարեց ռուսների կողմից «դավաճանական քայլ» հայության հանդեպ, կեղծ նահանջ, որի նպատակն էր ուղղակի հայաթափել Վանը՝ իրենց հեռահար ծրագրերի համար: Եվ իրոք, 1915-ի աշնանը ռուսները առանց ոչ մի դժվարության նորից ետ են ռազմակալում Վանը, բայց այնտեղ այլևս ոչ քաղաքը կար, ոչ էլ հայ բնակչությունը՝ ռուսական զորքի և հայ ազգաբնակչության նահանջից հետո բոլոր հայկական թաղամասերը թուրքերն ու քրդերը «բարեհաջող» հասցրել էին հիմնահատակ ավիրել ու հրկիզել: Նշենք, որ հետագայում ռուսների կողմից այդ «հնարքը» կիրառվեց նաև ողջ Արևմտյան Հայաստանի տարածքի վրա` «չկան հայեր` չկան խնդիրներ» սկզբունքով: Այդ հայության համար ծանր օրերին խորը հիասթափություն ապրող Հովհաննես Թումանյանը գրում էր. «…«Քաջարի» (ռուսական) զորքը իր «մեծ» գործի վրա է, հայերին ոչ մի միջոց ու հնար չեն տալիս, այնինչ քրդերն ազատ՝ զենքները ձեռքին թափառում են սար ու ձոր, իսկ չերքեզները և օսեթինները իրենց հավատարմությունն են հայտնում ռուս գեներալ Աբացիևին, իսկ Աբացիևի կարգադրությամբ բոլոր հայերին զինաթափ են անում»:

Այսպիսով, 1-ին աշխարհամարտի հայ ժողովրդի մեծագույն հաղթանակը՝ Վանի հերոսամարտը, որն ուղիղ ճանապարհ էր հարթում Արևմտյան Հայաստանի գոնե մի հատվածի վրա հայերի հետագա անկախ գոյատևման, խլվեց հայ ժողովրդից` Ռուսական կայսրության բացարձակապես ոչ հայանպաստ քաղաքական խարդավանքների շնորհիվ: Եվ հիմա մենք արդեն պետք է որ վերջնականապես հասկանանք, որ ոչ ոք չի գալու մեր փոխարեն կռվի մեր երկրի համար և ամեն ազգ կամ երկիր իր հույսը պետք է դնի միայն ու միայն իր բազկի ուժի և իրատեսական դիվանագիտության վրա:

Ակնարկը պատմաբան՝ Ռուբեն Շուխյանի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here