տուն Լուրեր 18 տարեկան զինվորին մարտական հերթապահության չուղարկելու նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ

18 տարեկան զինվորին մարտական հերթապահության չուղարկելու նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ

113
0

Ազգային ժողովում բուռն քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը, որով առաջարկվում է մարտական հերթապահության չուղարկել մեկ տարի չծառայած զինվորին, քանի որ 18 տարեկան զինծառայողներն անփորձ են մարտական հերթապահության համար։ Օրենքի նախագծով առաջարկվում է 12 ամիս զինվորական ծառայություն անցնելուց հետո նոր զինվորին ուղարկել մարտական հերթապահության։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է ԲՀԿ խմբակցությունը, բավարար չեն նախագիծն ընդունելու համար։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց օրենքի նախագիծն ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որը հնարավորություն կընձեռի լսել նախագծին կողմ և դեմ ուժերի հիմնավորումները։

ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ հավելեց․ «Խնդիրը վերաբերում է մեր պաշտպանությանը, էստեղ պոպուլիզմը դեր չունի: Հիմա հո չե՞նք կարող այս նիստին քննարկել՝ ռեսուրս ունե՞նք, թե՞ ոչ։ Այս պահին մենք այդքան ռեսուրս չունենք, երբ ունենանք՝ այդ մասին կմտածենք»։

Նախագիծը 38 կողմ, 67 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։