Թվում է, թե «արգելված պտուղը քաղցր է» տարբերակով իր գովազդային արշավն արած ֆիլմը կլինի ծայրից ծայր վուլգար ու տհաճ դիտման համար, բայց սա ընդամենը թվում է: Սաստիկ կինոկատակերգություն դիրքավորված ֆիլմում միակ բանը, որ սաստիկ էր, դա հումորն էր, որը ստիպում էր անդադար ծիծաղել:
Անսովոր մոտեցումը ֆիլմին ամեն տեղ է` սկսած դրա մասին տեղեկությունների տարածումից վերջացրած ֆիլմի հերոսների ընտրությամբ: Հայտնի ու սիրված դերակատարներով պոտենցիալ հանդիսատես գրավելու փոխարեն ֆիլմի պաստառներին չկար ոչինչ, իսկ դրա գովազդային վահանակներին ֆիլմում առկա հայտնի դեմքերի՝ Արսեն Գրիգորյանի, Աննա Գրիգորյանի Արտյոմ Կարապետյանի փոխարեն մրգեր էին:
Պարզ չէ` այս տարօրինակ մոտեցումն աշխատեց, թե ոչ, բայց առաջին սեանսին կինոդահլիճը լի էր մարդկանցով, ովքեր պարզ չէ, թե ինչ են եկել նայելու ու պարզ չէ, թե ինչու: Ամեն դեպքում դիտման ընթացքում լսվող հռհռոցը թույլ տվեց մտածել, որ եկողները գոհ էին:
Բուն ֆիլմի գլխավոր դերերում էին մինչ այդ մեծ էկրանում մեծ դերակտորներ չունեցող դերասաններ, իսկ երկրորդական պլանի կերպարները կամ էպիզոդիկ կերպարները բոլորը մեզ արդեն ծանոթ, սիրված կամ վաղուց մեծ էկրանին չերևացած դեմքեր էին:
Նման մոտեցումը պարզ չէ, թե ինչով է պայմանավորված, բայց ողջունելի է, քանի որ խրախուսում է երիտասարդ ու դեռևս ոչ շատ փորձառու դերասաններին:
Ֆիլմը պատմում է Ա-ի մասին, ով սովորական մատուցող է՝ ոչ սովորական գողականից մեծ գումար պարտքով վերցրած: Նա ունի ընդամենը հաշված ժամեր գումարը գտնելու համար, որ մնա կենդանի: Իհարկե այս պատմությանը կցվում են ևս մի քանի մինի-պատմություններ, որ սյուժեն մի փոքր ավելի հարստացնեն:
Ֆիլմի սյուժեն՝ անկախ այդտեղ առկա պահած մեծ գումարի որոնումներից, գողական աշխարհի ներկայացուցիչների առատությունից թեթև է ու չի լարում: Հակառակը, ֆիլմի հումորների առատությունը, լավ ստացված կերպարները ու վառ երաժշտությունն ու մթնոլորտը, որտեղ այն քեզ տեղափոխում է, թույլ կտա այն նայել գործից հետո ու հանգստանալ:
Ֆիլմում կան նաև երկու կարևոր երաժշտական հյուրեր՝ Նարեկը, ով նաև ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է, ու մեծ սեր վայելող Կարո Փիլլզը: Վերջինը ֆիլմում խաղում էր գրեթե որպես դիջեյ, ուղղակի էկրանին նա մարդկանց սպանում էր ոչ թե իր երաժշտությամբ, այլ ատրճանակով:
Մյուս հետաքրքիր մասը գլխավոր հերոսն է:
Այս ֆիլմի գլխավոր հերոսը մատուցող Արտակն է, ով որոշ մարդկանց կարող է ծանոթ լինել Persona Grata Group-ի նախորդ ֆիլմից «Փախիր կամ Ամուսնացիր»-ից: Այդտեղ նույն մատուցողի կերպարին տեսնում ենք փոքր էպիզոդում, իսկ հաջորդում նա արդեն գլխավոր հերոսն է: Այս տեսակի մոտեցումը կարող է հնարավորություն տալ ստեղծելու աբսուրդ, կոմիկական աշխարհ՝ ալտերնատիվ Երևան, որտեղ բոլոր հերոսները իրար հետ կապ ունեն: Այսպես միգուցե PGG-ի հաջորդ ֆիլմը լինի, օրինակ Արսեն Գրիգորյանի անանուն, բայց շատ կոլորիտային կերպարի մասին, ով ինչ-ինչ պատճառներով ստիպված օրը մի քանի անգամ պոեզիա է արտասանում:
Հիշեցնենք, որ ֆիլմի ստեղծմանն աջակցել է Վիվառո ընկերությունը:
Թրեյլերի լինք՝ https://www.youtube.com/watch?v=sGAhWVHWc88