ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Բրյուսել: Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նա ասել է, որ պատրաստվում է այցելել Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն: Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: «Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա՝ ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ՝ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում, և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,- շեշտել է Ն.Փաշինյանը: Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը դեռ նախապատրաստական փուլում է, սակայն դատելով ՀՀ վարչապետի և ԵՄ ներկայացուցիչների վերջին երկու ամիսների ուղերձներից՝ ակնհայտ է, որ այս այցից կողմերը որոշ ակնկալիքներ ունեն: Եվրոպական կողմի ակնկալիքները շատ ավելի լուրջ են: Մինչ հայկական կողմն իշխանափոխությունից հետո զուսպ էր իր եվրոպական ուղղությամբ «մտադրությունները» հանրայնացնելու առումով, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական ազդակներ, ծրագրային ելույթներ և Բրյուսել այց էին սպասում ՀՀ իշխանություններից: «168 Ժամի» բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: