«Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների գրպանից:
Մեր տեղեկություններով «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն ղոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում։ Իսկ ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարվի պետական բյուջեից։ Խնդիրն այն է, որ «Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, և ՔԱԳՎ-ն կիսում է պատասխանատվությունը։ Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին), իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը։ Երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որևէ ընկերության, պետք է տեղյակ լինի` այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ:
Այս տեղեկությունը ճշտելու նպատակով մեր թղթակիցը նոյեմբերի 22-ին դիմել էր ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ հետևյալ հարցադրումներով. «Այլ պետությունների ո՞ր օդանավակայաններն ու նավիգացիոն ծառայություններն են հայտեր ներկայացրել «Արմավիա» ավիաընկերության ունեցած պարտքերի մարման համար, ընդհանուր պարտքը որքա՞ն է կազմում։ Կա՞ն արդյոք դատական հայցեր։ Արդյոք «Արմավիան» վճարելու է այդ պարտքերը, եթե ոչ, ապա ո՞վ` ո՞ր կառույցն է ստանծնելու այդ պարտավորությունը»։ Սակայն կառավարությունը գերադասել է լռել՝ մինչ օրս պատասխան չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։