Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ ՀայՌուսգազարդի կուտակած պարտքին:
«2012-ին ՀայՌուսգազարդի կուտակված պարտքը 64,9 տասնորդական միլիարդ դրամ է, որը դուք պայմանագրի մեջ նշել եւ դարձրել եք 63 միլիարդ դրամ, ո՞ւր է կորել 2 միլիարդ դրամը, ո՞վ է մուծելու այս պարտքը, ո՞վ է գնահատել ՀՀ-ի սեփականության՝ ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի 20 տոկոսի արժեքըˋ 63 միլիարդ դրամը, կամ 155 միլիոն դոլարը: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը պետք է հարյուր տոկոսով մարի մասնավոր ընկերության ՓԲԸ-ի պարտքը: Եթե ՀՀ կառավարությունը պետք է մուծեր, ապա գոյացած պարտքի իր մասնաբաժնով պետք է մուծեր»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ 2011 թվից ռուսական կողմի հետ բանակցությունները մինչեւ հիմա շարունակվելու արդյունքում հասել են նրան, որ գազի սակագինը դարձավ 189 դոլար, եւ 30 տոկոս մաքսատուրքերից Ռուսաստանը ազատեց Հայաստանին:
«2011-ից առ այսօր պարտքի վնասը, որ առաջացել է 180 դոլարով գազի գինը հաշվելիս, կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Մեր պայմանավորվածության համաձայն ռուսական կողմի հետ պարտքի մի մասը փակում ենք մենք, մի մասը իրենք: Հայաստանն ունի 155 միլիոնը: Հայաստանը մինչ այժմ գոյացած այդ պարտքից կամ պետք է առձեռն վճարեր, կամ ինչ -որ ձեւով մարեինք: Ռուսական կողմի վրա 2011-2018 թթ. այդ բեռը կնստի շուրջ 1,1 միլիարդ դոլար»,- ասաց Մովսիսյանը:
Նա նշեց, որ պարտքը գոյացել է նրանից, որ կառավարությունը փորձել է մեղմացնել ՀՀ ժողովրդի և տնտեսության վիճակը, մեղմել գազի սակագները եւ դրա համար պետք է ինչ- որ ձեւով վճարել:
«Կառավարությունը որոշել է, որ ձեռք է տալիս վճարել այս ձեւով՝ ՀայՌուսագազարդի բաժնետոմսերի 20 տոկոսը հանձնելով: Ընդ որում, այդ բոլոր որոշումները բերվելու են Ազգային ժողով եւ վավերացվելու են Ազգային ժողովում»,- ասաց Մովսիսյանը:
Լիլիթ Առաքելյան