Ուսանողները թեեւ շաբաթ եւ կիրակի դադարեցրել են տարկետման իրավունքի վերականգնման համար դասադուլը, սակայն երկուշաբթի, հավանաբար, այն կվերսկսվեն: Araratnews.am-ը հայ հայտնիներից հետաքրքրվեց ուսանողների դասադուլի մասին:
Կապ հաստատեցինք ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի եւ երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի հետ: Ընտրությունը պատահական չէր, քանի որ տարկետման իրավունքի վերացման հետեւանքով բանակ են զորակոչվելու նաև արվեստի բնագավառի ներկայացուցիչները, որոնց համար զորամասերում չկան առանձնահատուկ պայմաններ նաև իրենց մասնագիտությամբ զբաղվելու համար:
Ռուդոլֆ Խառատյանից հետաքրքրվեցինք՝ երկու տարի բանակում ծառայելն ու բալետով չզբաղվելն ինչպե՞ս կազդի բալետ պարողների մասնագիտական աճի վրա: «Բալետ պարողը բանակից վերադառնալուց հետո ամեն ինչ զրոյից պիտի սկսի: Բալետով զբաղվելն ամենօրյա աշխատանք է: Մի օր չես պարապում, դա քեզ վրա զգում ես, երկրորդ օրը դա հանդիսատեսն է տեսնում, երրորդ օրը դու բանի պետք չես: Եթե երկու տարի պարողը չի պարում, հետո ուզում է շարունակել, նման է լինում ինքնագործ խմբի անդամի»,- ասաց բալետմայստերը:
Խոսելով ուսանողների դասադուլի մասին՝ Ռուդոլֆ Խառատյանն ասաց, որ երկիրը բանակային է, զինվորի կարիք ունի: «Բալետ պարողների համար, սակայն, պետք է բացառություն լինի: Չգիտեմ՝ նոր օրենքով ինչ պայմաններ կլինեն պարողների համար»,- ասաց ժողովրդական արտիստը:
Երգիչ Դավիթ Ամալյանն էլ տեղյակ չէր՝ ինչ դասադուլի մասին է խոսքը: Հիշեցրինք՝ տարկետման իրավունքը հանում են, որ բոլորին բանակ տանեն: «Ես 1996-ից համաձայն եմ դրան: Բուհը կլցվի այն մարդկանցով, ովքեր ուզում են սովորել, կազատվի այն մարդկանցից, որոնք ուզում են բանակ չգնալ: Բանակն էլ կլցվի այն տղաներով, որոնք հետո կարող են ընդունվել համալսարան: Մի մարդ, եթե ուզում է ինչ-որ բանով զբաղվել, զինծառայության 2 տարին նրան չի խանգարի»,- ասաց երգիչը:
Դավիթ Ամալյանի խոսքով՝ բացառություններ, իհարկե, պետք է անել մարզիկների, տաղանդավոր գիտնականների, Հենրիխ Մխիթարյանի նման մարդկանց համար. «Հուսով եմ՝ գոնե նրանց հանդեպ անաչառ կլինեն բանակն ու իշխանությունը: Ցանկալի կլիներ, սակայն, որ այդ մարդիկ էլ 15-20 օր պոստի համը տեսնեին, հետո իրենց գործով զբաղվեին»:
Սոնա Դավթյան